Մատչելիության հղումներ

Պեսկով. «Կրեմլը բացասաբար է վերաբերվում Հայաստան որոշ ռուսաստանցիների մուտքի արգելքին»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ, Մոսկվա:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Կրեմլը բացասաբար է վերաբերվում որոշ ռուսաստանցիների՝ առանձին մեդիամենեջերների կամ օրենսդիրների մուտքն արգելելու Հայաստանի որոշումներին:

«Անկեղծ՝ մենք դրան բացասաբար ենք վերաբերվում: Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը և ռազմավարական գործընկերը, և, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը մեզ պարտադրում է պաշտպանել մեր երկկողմ հարաբերությունները նման դեպքերից»,- ասել է Պեսկովը:

Նա հույս է հայտնել որ «Մոսկվայի և Երևանի հարաբերությունները տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից»:

Մարտի 7-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ News Media հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրիելյանովին Երևանի օդակայանում արգելել են մուտք գործել Հայաստան և նա հաջորդ չվերթով վերադարձել է Մոսկվա:

Անցյալ տարվա հոկտեմբերին «Ռուսաստանն այսօր» (RT) հեռուստակայանի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն է հաղորդել Հայաստան այցելելու արգելքի մասին:

2022 թվականի հոկտեմբերին Հայաստան չի կարողացել մեկնել նաև Պետական դումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

XS
SM
MD
LG