Մատչելիության հղումներ

Վրացական ընդդիմությունը Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց նոր բողոքի ակցիա է հայտարարում


Վրաստան - Ցուցարարները և ոստիկանները Թբիլիսիի կենտրոնում, 8-ը մարտի, 2023թ.
Վրաստան - Ցուցարարները և ոստիկանները Թբիլիսիի կենտրոնում, 8-ը մարտի, 2023թ.

Վրացական ընդդիմությունը չորեքշաբթի կեսօրին Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմացի հրապարակում նոր բողոքի ակցիա է հայտարարում։

«Այսօր խաղաղ ցույցի դեմ անհամաչափ ուժ է կիրառվել հատուկ նշանակության ուժերի և ոստիկանության կողմից։ Ցույցի բազմաթիվ մասնակիցներ բերման են ենթարկվել, որոնց թվում է նաև ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։ Արդեն մի քանի ժամից ավելի շատ մարդ հանրահավաքի կհավաքվի խորհրդարանի դիմացի հրապարակում, քան երեկ», - լրագրողներին ասել է ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն։

Նա կարծում է, որ «համաշխարհային հանրությունը միանշանակ կդատապարտի Վրաստանի ներկայիս իշխանություններին՝ խաղաղ ակցիան ցրելու համար»։

Ընդդիմության և ոստիկանության առճակատումը շարունակվում է: Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմացի հրապարակն ամբողջությամբ վերահսկվում է ոստիկանության և հատուկ նշանակության ջոկատների կողմից: Ռուսթավելի պողոտայում մի քանի տասնյակ ընդդիմադիրներ գտնվում են ոստիկանական շղթային մոտ: Ժամանակ առ ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկում մոտեցող ցուցարարներին, հայտնում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը:

Ցուցարարների և իրավապահների միջև բախումները հաջորդել են Վրաստանի խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցություն է հայտնել ցուցարարներին և խոստացել վետո դնել օրենքի վրա։

XS
SM
MD
LG