Ձվերով հարձակում Վրաստանի խորհրդարանի շենքի վրա, ծեծռկտուք և լարված մթնոլորտ օրենսդիր մարմնում։ «Օտարերկրյա գործակալների» մասին վրացական աղմկահարույց օրենսդրական նախաձեռնության շուրջ խորհրդարանական հանձնաժողովում հերթական քննարկումն անցնում է բողոքի ցույցերի ուղեկցությամբ:
«Ո՛չ ռուսական օրենքին», «Ռուսական երազանք», «Ստրուկներ», «Ռուսներ», - այս գրություններով պաստառներով ցուցարարներն առավոտից մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում կոչ են անում պատգամավորներին ետ կանգնել բողոքի ալիք հարուցած օրենսդրական նախաձեռնությունից, որը, շատերի համոզմամբ, սպառնում է թաղել Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հույսերը։
Չնայած Թբիլիսիի արևմտյան գործընկերների կոշտ քննադատություններին, նախազգուշացումներին՝ օրենքին կողմ քվեարկելու պատրաստակամություն է հայտնել նաև իշխող կուսակցությունը:
Քննադատները նախաձեռնությունը համեմատում են ռուսաստանյան օրենքի հետ, որի կիրառմամբ Պուտինի վարչակազմը տոտալ գրաքննություն է սահմանել երկրում և այն որպես մահակ օգտագործել լրագրողների, ակտիվիստների, իրավապաշտպանների դեմ։
Իրավական հանձնաժողովում, որտեղ այսօր նախատեսված են հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի պատգամավորների խմբի հեղինակած օրենքի շուրջ քննարկումները, հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել օրենսդրական նախաձեռնության շուրջ տարաձայնություններ ունեցող ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։
Համացանցում հայտնված տեսանյութում երևում են տասնյակ պատգամավորներ, հարվածների փոխանակումը տեղի է ունենում երկուսի միջև՝ ըստ վրացական աղբյուրների՝ խորհրդարանի իրավական հանձնաժողովի ղեկավար Անրի Օխանաշվիլիի և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Լևան Խաբեիշվիլիի։ Ամբիոնի մոտ սկիզբ առած ծեծկռտուքի մասնակիցներին այնուհետև միանում են նիստին ներկա պատգամավորները, և սկսվում է քաշքշուկ, որը հանդարտվում է միայն խորհրդարանում աշխատող ոստիկանների միջամտության արդյունքում։ Դահլիճից դուրս են բերվում մի խումբ պատգամավորներ:
Այսօրվա նիստն, ինչպես նշում են վրացական լրատվամիջոցները, ուղեկցվում է անվտանգության աննախադեպ միջոցառումներով։ Խորհրդարան չեն կարողացել մտնել մի խումբ հավատարմագրված լրագրողներ, ինչպես նաև ոչ-կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ակտիվիստներ, որոնք ցանկանում էին մասնակցել քննարկմանը։
Նախագծի համաձայն՝ արտասահմանյան ազդեցության գործակալներ են համարվում իրավաբանական անձինք և լրատվամիջոցները, որոնց եկամտի ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ֆինանսավորումն է ապահովում: «Օտարերկրյա գործակալները» պարտավոր են հայտարարագրել իրենց ֆինանսավորման աղբյուրը, պահանջը խախտելու դեպքում օրենքով սահմանված է մինչև 9 հազար 500 դոլարի չափով տուգանք։
Թեև օրենքի հեղինակները հավաստիացնում են՝ միակ նպատակը ֆինանսական հարցերում թափանցիկություն ապահովելն է, ընդդիմախոսները, այդուհանդերձ, կարծում են, որ այն ուղղված է այլախոհությունը ճնշելուն և կարող է մահացու հարված հասցնել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հույսերին։