«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին, որը հինգ մարդու կյանք խլեց։ Ցավակցում ենք վիրավորների և զոհվածների ընտանիքներին», - երեկ ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Նա ընդգծել է, որ «հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ»։ «Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է, իսկ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները», - ասել է Փրայսը:
Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ տարածաշրջանում է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն՝ «ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է»: «Եվ ինչպես ընդգծել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին», - նշել է Նեդ Փրայսը։
Հարցին, թե ինչպես են վերաբերվում ռուսական միջնորդությանը, Պետդեպարտամենտի խոսնակն արձագանքել է. - «Սա կողմերի հարցն է, և մենք չենք պատրաստվում դեմ լինել միջնորդության որևէ այլ առաջարկի, և իրականում մենք միջնորդ չենք: Մենք երկու երկրների գործընկերն ենք»։
«Մենք դա չենք անում որպես Մոսկվայի հետ մրցելու միջոց։ Մենք դա անում ենք՝ ձգտելով հասնել այս երկու երկրների միջև երկարատև վեճի կարգավորմանն ու լուծմանը», - հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարը։
Կիրակի առավոտյան Ստեփանակերտը հաղորդեց, որ «ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում»՝ Արցախի մայրաքաղաքից քիչ հեռու, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Բաքուն պնդում է, թե տեղեկություն են ունեցել «Լեռնային Ղարաբաղ զինամթերքի տեղափոխման մասին», ինչը փորձել են ստուգել, և ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունքում «փոխհրաձգություն է սկսվել»։ Հայկական կողմը սա հերքում է։
Հայկական կողմը հայտնել է երեք զոհի, ադրբեջանականը՝ երկուսի մասին։
Տե՛ս նաև այստեղ