2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի կառավարությունը փորձել է վերացնել Լեռնային Ղարաբաղի անունից բանակցելու իր մենաշնորհը և հիմա Արցախին խրախուսում են ուղղակիորեն բանակցել Ադրբեջանի հետ, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Ռիչարդ Կիրակոսյանը՝ հայկական տեսանկյունից դա նշանակալի համարելով։
Կիրակոսյանի մեկնաբանմամբ, Ադրբեջանը մեխանիկորեն տարածում է ճանաչման աստիճանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդական ճանապարհով ընտրված ղեկավարության վրա, իսկ սա, ըստ քաղաքական մեկնաբանի, կարևոր նախադեպ է։
Կիրակոսյանը Հայաստանի վարած քաղաքականության մեջ ավելի շատ նրբերանգներ է տեսնում՝ պարզաբանելով՝ խոսքը ոչ միայն կարգավիճակի, այլ անվտանգության մասին է։
«Դա Հայաստանի քաղաքականության բառապաշարն է, բայց, ի վերջո, մի փոքր վաղ է ասել, արդյոք դա կստացվի, քանի որ դա տեղի է ունենում Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշման և շարունակական պահանջների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անօրինակ շրջափակման ֆոնին։ Այսպիսով՝ հետադարձ հայացքով կարելի է ասել, որ սա Հայաստանի թուլության արտացոլումն է, բայց նաև հարմարավողականության աստիճանն է», - եզրափակեց քաղաքական մեկնաբանը։
Բեռլինում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը համաձայնել է տարանջատել Արցախի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև ձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային երաշխիքներ ստեղծելու մասին Հայաստանի պաշտոնյաները խոսում են դեռ անցած տարվանից։
Կիրակոսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․