Մատչելիության հղումներ

Անթալիայի դիվանագիտական ֆորումը հետաձգվեց


Արխիվ
Արխիվ

Երկրաշարժի պատճառով Թուրքիան հետաձգել է Անթալիայի դիվանագիտական ամենամյա ֆորումը, որը պլանավորած էր անցկացնել մարտի 10-12-ը։

«Չնայած որոնողական-փրկարարական աշխատանքները և մարդասիրական օգնության ինտենսիվ ջանքերը ակտիվորեն շարունակվում են՝ ամբողջ աշխարհի մեր ընկերների օգնությամբ, ակնհայտ է, որ աղետի ազդեցությունը հսկայական է և դեռ երկար կզգացվի։ Այժմ Թուրքիայի համար ժամանակն է՝ օգնելու աղետի հետևանքով տուժածներին և վերակառուցելու տարածաշրջանը։ Ստեղծված պայմաններում անհրաժեշտություն է առաջացել Անթալիայի դիվանագիտական ֆորում 2023-ը տեղափոխել այս տարվա վերջին եռամսյակ»,- նշված է Ֆորումի Թվիթերի էջում տեղադրված հայտարարության մեջ։

Ֆորումի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել աշխարհի երկրների առաջնորդներին, արտգործնախարարներին, փորձագետներին ու գիտնականներին, ովքեր հաստատել էին իրենց մասնակցությունը, և երախտագիտություն են հայտնել բոլոր ընկերներին, որոնք այս դժվարին պահին աջակցում են Թուրքիային։

Մինչ երկրաշարժը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Աղետալի երկրաշարժը ազդեցություն է թողնում Թուրքիայի հասարակական քաղաքական կյանքի վրա։ Իշխանական ճամբարից առաջարկներ են հնչում հետաձգել գարնանը նախատեսված համապետական ընտրությունները։

Ընդդիմությունը կտրականապես դեմ է։ Ամեն դեպքում «Hürriyet»-ը այսօր գրել է, որ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունում այս պահին ընտրությունները հետաձգելու հարց չի քննարկվում։ Ըստ «Hürriyet»-ի հրապարակման՝ Էրդողանը դեռ կարծում է՝ մայիսի 14-ը ընտրությունների լավ ժամանակ է, իսկ իշխող ուժերի որոշ բարձրաստիճան անդամներ առաջարկում են ընտրություններն անցկացնել հունիսի 18-ին, ինչպես պլանավորած էր նախկինում։

Էրդողանի կառավարության լիազորությունը հունիսին ավարտվում է, և ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները պետք է անցկացվեն հունիսի 18-ից ոչ ուշ։ Ըստ Թուրքիայի Սահմանադրության՝ ընտրությունները կարող են հետաձգվել միայն պատերազմի դեպքում: Իսկ հիմա պատերազմ չկա, հայտարարել էր ընդդիմադիր հիմնական ուժի՝ Ժողովրդա- հանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

«Ազգային դաշինք» կազմած ընդդիմադիր 6 կուսակցությունների առաջնորդները փետրվարի 18-ին հանդիպելու են՝ քննարկելու երկրաշարժի բազմակողմ ազդեցության հետևանքները։ Ընդդիմադիր բոլոր առաջնորդները մինչ այս արդեն դատապարտել են իշխանություններին երկրաշարժի հետևանքներին անբավարար և ուշացած արձագանքելու համար։

Այսօր «Sözcü» թերթում հրապարակված հարցազրույցում Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է, որ աջակցության հետ կապված լուրջ խնդիրներ կան։

«Մենք հիմա մի երկիր ենք, որը վրաններ չի արտադրում։ Անցյալում Կարմիր մահիկը հազարավոր վրաններ ուներ ամենուրեք՝ երկրաշարժերից անմիջապես հետո։ Բայց նրանք ոչնչացրին Կարմիր մահիկը»,- ասել է Քըլըչդարօղլուն՝ մեղադրելով իշխանություններին։

Նրա խոսքերով՝ արտակարգ իրավիճակների և աղետների նորաստեղծ գործակալությունը չի կարող պատշաճ կերպով գործել, որովհետև այդ կառուցի ղեկավար կազմում ոչ կոմպետենտ շատ մարդիկ են ընդգրկված։

Փետրվարի 17-ի առավոտվա տվյալներով, որը ներկայացրել է Արտակարգ իրավիճակների ծառայությունը, Թուրքիայի հարավ- արևելքում փետրվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվն անցել է 38 հազարը։

Սիրիան հաղորդում է 5 հազար 800 զոհի մասին։

Երկու երկրներում զոհերի թիվը մոտենում է 44 հազարի։

XS
SM
MD
LG