«Բախմուտը պաշտպանող մեր զինվորներն իսկական հերոսներ են»
Ուկրաինայի գլխավոր շտաբի այսօրվա զեկուցագրի համաձայն, Դոնբասի շրջանում ռուսական ուժերի գերնպատակն է դարձել Բախմուտի (ռուսերեն՝ Արտյոմովսկի) գրավումը:
Ստորաբաժանումների գերիշխող մեծամասնությանը հրահանգվել է կենտրոնանալ այդ խնդրի վրա: Անցած 24 ժամում ուկրաինացիները հետ են մղել ռուսների ավելի քան վեց տասնյակ գրոհներ:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ կեսգիշերային ավանդական տեսաուղերձում խոստովանել է, որ վիճակն այնտեղ ծայրահեղ դժվար է:
Ռուսները շարունակում են հարձակումը Լիմանսկի, Ավդեևկայի և Շախտարսկի ուղղություններով, բայց հիմնական նրանց թիրախը Բախմուտն է մնում:
«Ես մշտական կապի մեջ եմ հրամանատարների հետ, առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում արևելքին, հատկապես Դոնեցկի շրջանին, Բախմուտի հատվածում իրավիճակը հետզհետե ավելի բարդ է դառնում, թշնամին ոչնչացնում է այն ամենն, ինչը կարելի էր օգտագործել որպես պաշտպանական կառույց: Բախմուտը պաշտպանող մեր զինվորներն իսկական հերոսներ են»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Ռուսները փորձում են ցանկացած գնով վերցնել Բախմուտը: Կիևի համոզմամբ, այնտեղ և ռազմաճակատի մյուս հատվածներում ռուսական ուժերի հարձակումները զսպելու համար անհրաժեշտ են արդիական մարտական օդանավեր: Երեկ Զելենսկին կրկնել է Արևմուտքին հասցեագրված կոչը:
«ՀՕՊ-ն ամբողջական է, եթե կան արդիական ինքնաթիռներ»
«Մեզ հակաօդային պաշտպանության համար օդուժի բաղադրիչն է անհրաժեշտ, արդիական ինքնաթիռներ ամբողջ տարածքը ռուսական ահաբեկչությունից պաշտպանելու համար: ՀՕՊ-ն ամբողջական է լինում, երբ կան նաև ինքնաթիռներ, արդիական ինքնաթիռներ: Մեր օդաչուները, օդուժի մեր մասնագետները հրաշալի են աշխատում, բայց մենք ի զորու կլինենք ամբողջապես երաշխավորել մեր երկնքի պաշտպանությունը, միայն երբ ամբողջապես վերացվի մեր գործընկերների հետ հարաբերություններում ավիացիոն բաղադրիչի արգելքը»,- հայտարարել է Զելենսկին:
«Կա իրողություն, Ռուսաստանն ունի նոր չորս միավոր, դա չի կարելի անտեսել»
Արդեն 370 օր է տևում այս մղձավանջը: Ե՞րբ խաղաղություն կլինի: Այս հարցում կողմերն ունեն տրամագծորեն հակառակ տեսակետներ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե ուկրաինական կողմի հետ բանակցությունների հնարավորություն չկա, քանի որ Կիևն ի պաշտոնե հայտարարել է Ռուսաստանի ներկայիս ղեկավարության հետ բանակցություններն արգելելու մասին:
Բացի այդ, ըստ Պեսկովի, «կան իրողություններ, Ռուսաստանն ունի չորս նոր տարածքային միավոր, դա չի կարելի անտեսել: Կա Ռուսաստանի Սահմանադրություն, որը չի կարող անտեսվել ոչ մեկի կողմից, և որից ռուսական կողմը երբեք չի հրաժարվի: Կան նաև «հատուկ ռազմական օպերացիայի» նպատակները, որոնց իրականացումը շարունակվում է»,- ասել է Պեսկովը:
«Հնարավոր էին բարդ բանակցություններ, բայց Արևմուտքը դա մերժեց»
Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ այսպես կոչված՝ հավաքական Արևմուտքը պետք է Ռուսաստանի հանդեպ մոտեցումը փոխի, հաշվի առնի անվտանգության հարցում Ռուսաստանի մտահոգությունները:
«2021-ին Ռուսաստանը երկու ծրագրային պայմանագրերի օրինագծեր է փոխանցել Արևմուտքին {ՌԴ ու ԱՄՆ-ի և ՌԴ ու ՆԱՏՕ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին}, դրանք պետք է կարգավորեին փոխհարաբերություններն անվտանգության հարցում, դրանց շուրջ կարող էին ծավալվել, թերևս, դժվար, լարված, բարդ բանակցություններ, բայց, ի վերջո, դրանք կլինեին բանակցություններ, սակայն Արևմուտքը մերժել է քննարկումը»,- հայտարարել է Պեսկովը «Իզվեստիա» պարբերականին փետրվարի 28-ին տված հարցազրույցում:
«Կվերադարձնենք այն ամենն, ինչ ռուսական գերության մեջ է»
Վլադիմիր Զելենսկին էլ Կիևի մոտեցումն է ներկայացրել, ընդգծելով, որ Ուկրաինան անպայման պետք է վերադարձնի այն ամենն, ինչ հիմա ռուսական գերության մեջ է:
«2014-ին ռուսները բռնակցել են Ղրիմը, տրամաբանական է, որ Ղրիմի ազատագրումը կդառնա այն պատմական վերջակետը, որը կդրվի Ուկրաինայի, Եվրոպայի և Ասիայի ժողովուրդների կյանքն ավերելու Կրեմլի փորձերի վրա»,- ասել է Զելենսկին:
Նրա համզմամբ, պետք է գերակայի միջազգային օրենքը, և այդ դեպքում Ղրիմը, Դոնբասը, Ազովի ծովը, Խերսոնը, բոլոր զավթված տարածքները նորից կդառնան ուկրաինական:
«Մենք փոքր մարդիկ ենք, Պուտինը սկսել է, թող Պուտինն էլ ավարտի»
Արյունալի պատերազմը շարունակվում է, մինչդեռ, ըստ հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի, ռուսաստանցիների 59 տոկոսը գոհ է կյանքից, 24 տոկոսը մասամբ գոհ է, մասամբ դժգոհ, և ընդամենը 17 տոկոսն է բացահայտ դժգոհ:
«Լևադա» կենտրոնի» մի հարցում էլ վկայում է, որ նորից փոքր-ինչ բարձրացել է «հատուկ ռազմական օպերացիային» աջակցողների թիվը:
«Լևադա» կենտրոնի տնօրեն Դենիս Վոլկովը համաձայն չէ, թե այդ թիվն աճել է: Այն, ըստ սոցիոլոգի, պարզապես կայունացել է:
2022-ի սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ հայտարարվել է մասնակի զորակոչը, աջակցությունը նվազել է, կտրուկ ավելացել է բանակցային լուծման կողմնակիցների թիվը, բայց երբ զորակոչի հետ կապված տագնապը մարել է, և մարդիկ համոզվել են, որ ոչ բոլորին են տանում բանակ, վիճակը կայունացել է:
«Նաստոյաշչեե վրեմյա» ծրագրի թղթակցի հետ զրույցում «Լևադա» կենտրոնի ղեկավարը նշել է, որ այդուհանդերձ, այո, պատերազմի աջակիցների թիվը գերակայում է:
«Մարդիկ ունեն նախապատվություններ, բայց մեծամասնությունը, թե՛ օպերացիայի աջակիցները, թե՛ ընդդիմախոսները, հարցի լուծումը պատվիրակում են իշխանությանը: «Մենք փոքր մարդիկ ենք, քիչ ենք հասկանում, թող իշխանությունը որոշի: Իշխանությունն է սկսել, Պուտինը սկսել է, թող Պուտինն էլ ավարտի: Այս է մեծ մասի դիրքորոշումը»,- ասել է Դենիս Վոլկովը: