Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը ժամանել է Հալեպ


Արտգործնախարար Միրզոյանին Դամասկոսում ընդունել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը։ 23-ը փետրվարի, 2023 թ.
Արտգործնախարար Միրզոյանին Դամասկոսում ընդունել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը։ 23-ը փետրվարի, 2023 թ.

Երկրաշարժից տուժած Սիրիայում է արտգործախարար Արարատ Միրզոյանը, որն իր հետ տարել է մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը՝ սնունդ և դեղորայք ավելի քան 32 տոննա քաշով։

Դամասկոսում Միզոյանին դիմավորել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Ալ-Միկդադը, շնորհակալություն է հայտնել Հայաստանին «այս դժվարին պահին սիրիացի ժողովրդի հանդեպ ցուցաբերած համերաշխության համար»:

Միրզոյանին ընդունել է նաև Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը՝ երախտագիտություն հայտնել Հայաստանի ցուցաբերած օգնության համար։ Ապա Սիրիայի նախագահն ու Հայաստանի արտգործնախաարը քննարկել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու հարցեր։

Դամասկոսից Միրզոյանը մեկնել է Հալեպ, տեղից հաղորդեց «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանը. - «Պատվիրակությունը օդանավով հասան Հալեպի միջազգային օդակայան։ Օդակայանին մեջ նախարարին դիմավորեց Հալեպի նահանգապետը։ Բեռնատար օդանավը, որ Հայաստանե մարդասիրական օժանդակություն կկրե Սուրիո ժողովրդին, իջևանեց Հալեպի միջազգային օդակայան։ Օժանդակությունը այստեղ պիտի տրամադրվի Կարմիր մահիկ սուրիական կազմակերպության միջոցով»։

Հենց օդանավակայանի տարածքում Միրզոյանը հանդիպել է Հալեպի նահանգապետին, ապա շրջել է աղետի գոտու տարածքում, հաղորդում է սիրահայ լրագրողը։

Պաշտոնական տվյալներով, Սիրայում զոհերի թիվը 1414 է, ավելի քան 5000 մարդ վիրավոր է։ Սա չի ներառում ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքում եղած զոհերի թիվը։

«Ընդհանուր առմամբ, ավելի քան երեք հազար մարդիկ անօթևան մնացած են։ Հատկապես աղետյալ քաղաքներուն մեջ՝ Հալեպ, Լաթաքիա, Հոմս և Իդլիբ», - փոխանցեց Պողիկյանը։

Ավելի քան մեկ տասնամյակ ձգված պատերազմից քայքայված Սիրիայի համար երկրաշարժը նոր հարված էր, որից մարդիկ դեռ ուշքի չեն գալիս, պատմում է Պողիկյանը։ Հալեպի բնակիիչները դեռ լարված են, հատկապես հետցնցումների վախից. - «Կրթական համակարգը, դպրոցները փակ են, մարդիկ աշխատանքի միշտ տատամսումով կմեկնին, որովհետև միշտ այդ վախը կա, որ հետցնցումներ պիտի լինեն... Անոր համար կյանքը իր բնականոն հունով չի ընթանում, դպրոցները փակ են, աշխատանոցները մեծ մասը փակ են, միայն սնունդ վաճառողները բաց են։ Մարդիկ տակավին վախի, անհանգստության մեջ են»։

Հայաստանից բացի, Սիրիան մարդասիրական օգնություն է ստացել նաև մի քանի այլ երկրներից, հիմնականում Եգիպտոսից, Արաբական Միացյալ Էմիրություններից։

Խիստ ու ծանր պատժամիջոցների տակ գտնվող Սիրիայի ժողովուրդը երկրաշարժից հետո հուսախաբ եղավ, օրեր առաջ խոստովանել է ՄԱԿ-ի արտակարգ օգնության համակարգող Մարտին Գրիֆիտսը։

XS
SM
MD
LG