Փետրվարի 19-ին զինծառայող Հայկ Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է ժամկետային զինծառայող, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ավագի օգնականը, հայտնում է Քննչական կոմիտեն:
ՔԿ-ն հայտնում է, որ ավելի վաղ հաղորդում էին ստացել, որ զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում զինծառայողը հայտնաբերվել է գլխի շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումով։ Ըստ նախնական տվյալների՝ նա մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։
Ավելի վաղ նույն գործի շրջանակներում ձերբակալվել է դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայող:
Նախաքննությունը շարունակվում է: