Մատչելիության հղումներ

«Էդ էրկու խնդիրը որ լուծվում ա չէ՞՝ Դիլիջանի պես քաղաք չկա»


Դիլիջանցի Զեփյուռ Սիրադեղյանը մայրաքաղաքում թողել է գործի անցնելու լավագույն հնարավորություններն ու եկել ծննդավայր։ Ասում է՝ պարտավորություն ունի նպաստելու համայնքի զարգացմանը։ Այստեղ աշխատանքի է անցել բարեգործների աջակցությամբ բացված Դիլիջանի համայնքային կենտրոնում։ Ավելի քան 70 նախաձեռնող երիտասարդների խումբ են ստեղծել, որոնց հետ համայնքում հաշվի են նստում, ասում է Զեփյուռը։

«12-ից 18 տարեկան երիտասարդները համայնքում ստեղծել են առանձին համայնք, որոնց մատով ցույց են տալիս, որոնց հետ փորձում են մի քիչ այլ մակարդակներում արդեն հաշվի նստել: Այսինքն՝ գիտակցելով, որ այդ երեխան հնարավոր է՝ խնդրի մասին բարձրաձայնի, փորձում են խուսափել այդ խնդրից այս դեպքում: Այսինքն՝ երեխան, երիտասարդը, դառնում է թելադրող կողմ, ինչ-որ տեղ, համայնքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զեփյուռ Սիրադեղյանը:

Դիլիջանցի Աիդա Սողոյանը համայնքային կենտրոնի կամավորներից է։ Այստեղ բազմաթիվ դասընթացների է մասնակցել, նոր հմտություններ ձեռք բերել ու ավելի նախաձեռնող դարձել։ Ասում է՝ իր ու ընկերների համախմբվածությունը վարակիչ է համայնքում։

Դիլիջանում ակտիվությունն սկսվել է 10 տարի առաջ, երբ ապակենտրոնացման առաջին ու դեռևս միակ նախաձեռնությունն իրականություն դարձավ՝ Կենտրոնական բանկը տեղափոխվեց Դիլիջան։ Հետո բարեգործներն այստեղ խոշորագույն կրթական ծրագրեր նախաձեռնեցին։ Դիլիջանի կենտրոնական դպրոցի ու միջազգային դպրոցի բացվելուց հետո բազմաթիվ օտարերկրացիների համար Դիլիջանը մշտական բնակավայր է։ Ընդամենը 25 հազար բնակիչ ունեցող քաղաքը հետաքրքիր դարձավ բարեգործների ու ներդրողների համար։

Համայնքային կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանն ասում է՝ իրենց գործունեության տարիներին համոզվել են՝ համայնքում կարող են անել ավելին, թե որ ունենան կրթության վրա հիմնված ակտիվ հասարակություն։

«Ապակենտրոնացումը իրոք շատ օգնեց, որ լավ ռեստորաններ բացվեցին, մարդիկ կարող են գան, լավ հյուրանոցներ, իհարկե, դա էլ է կարևոր: Մի քիչ, ինձ թվում է, նույն Վանաձորը նույն շանսերը ունի, որ նույն կերպ զարգանա, է՛լ ավելի արագ կարող է զարգանալ, որովհետև ավելի մեծ է», - «Ազատությանը» ասաց «Իմպուլս մենեջմենթ քոմփանի» կազմակերպության քաղաքային տարածքների տնօրեն Հրանտ Դանդուրովը:

Հրանտ Դանդուրով
Հրանտ Դանդուրով

Այստեղ խոշոր ծրագրեր են իրականացրել՝ առաջին հերթին երիտասարդների զբաղվածությանն ու Դիլիջանն ավելի գրավիչ դարձնելուն ուղղված։ Դրանց մասնակից են դարձնում համայնքի բնակիչներին։ Վերջերս տասնյակ հազարավոր դոլարների ներդրումների հաշվին բարեկարգել են քաղաքային զբոսայգին՝ ակտիվ ժամանցի անվճար հնարավորություններ ստեղծել համայնքի համար։

Դիլիջանի քաղաքային զբոսայգին, փետրվար, 2023թ.
Դիլիջանի քաղաքային զբոսայգին, փետրվար, 2023թ.

«Առաջին հերթին՝ տեղացի ապրողների կամքը, մոտիվացիան և հավատը, որ կստացվի, ուրիշ ոչինչ պետք չի: Գումար, հիմա, գիտեք, ինտերնետի դար է՝ ավելի հեշտ է գումար գտնել, եթե լավ պրոյեկտ կա ու լավ իրականացնողներ կան, հնարավոր է ստեղծել ամեն ինչ հիմա», - նշեց Դանդուրովը:

Դիլիջանի զբոսայգու աշխատակից Ստյոպան վաղ առավոտյան ձեռքն է առնում գործիքներն ու անցնում մաքրության գործին։ Արագ զարգացող Դիլիջանում միայն աղբն ու թափառող կենդանիներն են ամենամեծ խնդիրը, թե չէ այն Հայաստանի կենտրոնը կդառնա, կեսլուրջ-կեսկատակ ասում է նա:

«Ասում չեն, որ առավոտից իրիկու այ սհենց գնում ենք-գալիս ենք մաքրելով, չէ՞: Ամեն օր նույն զիբիլն ա, նույն կեղտն ա», - ասաց զբոսայգու աշխատակիցը: - «Էսա օրերը տաքացավ չէ՝ այգումը համ կով տես հանդիպիլ, համ խոզ տես հանդիպիլ՝ ամեն ձևի անասուն էլ ստեղ ըլըմ ա, այ էտ ա մեր քաղաքի մեծ խնդիրը: Էդ էրկու խնդիրը որ լուծվում ա չէ՞՝ Դիլիջանի պես քաղաք չկա: Մեր մոտ ժողովրդին մաքրությանը սովորացնելը շատ դժվար ա: Մինչևը սովորեն՝ նոր մի տասը տարի հետո կդառնանք Եվրոպա»:

Դիլիջանի զբոսայգու աշխատակից Ստյոպան
Դիլիջանի զբոսայգու աշխատակից Ստյոպան

Հինգ տարի առաջ տուրիզմի զարգացման հետ նույն «Իմպուլս մենեջմենթ քոմփանի»-ն այստեղ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն է հիմնել՝ անվճար տեղեկություններ են տալիս այցելուներին։ Կենտրոնի պատասխանատու Հրանտ Դանդուրովն ասում է՝ զբոսաշրջիկների թվի առնվազն 20 տոկոս աճ են գրանցել։

«Երևի Դիլիջանի բախտը բերեց ինչ-որ բանով: Որովհետև համ, մի տեսակ, խաչմերուկի վրա է գտնվում, որ Թբիլիսի գնալիս էստեղով են անցնում, Վանաձորն է մոտիկ», - նշեց Դենդուրովը:

«Ինձ համար Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է». - գերմանացի Ռիկարդո Բերգմանը 4 տարի առաջ եկել է Հայաստան որպես կամավոր։ Հետո սիրել է իր համար նոր այս երկիրն ու հաստատվել Դիլիջանում։ Երիտասարդ կնոջ՝ Լուիզայի հետ արդեն որոշել են՝ տուն կգնեն այստեղ՝ բնությունը գեղեցիկ է, ուտելիքը՝ համեղ, աշխատելն էլ՝ ավելի հետաքրքիր։

«Անցյալ տարի մենք երկու շաբաթով Գերմանիայում եղել ենք, և մի քանի օր հետո արդեն մի քիչ ձանձրալի էր: Ես սիրում եմ էս հանգիստ կյանքը», - հայերեն ասաց Բերգմանը:

Ռիկարդոն ասում է՝ իր հայ ընկերոջ հետ Գերմանիայում փորձեցին խորոված անել՝ ուտելու բան չէր. - «Գերմանական խորոված, որ իմ համար չի, որովհետև ես գիտեմ՝ ոնց Հայաստանում շատ համով ա, և Գերմանիայում ամեն ինչ, չգիտեմ, ինդուստրիալիզովանո»:

XS
SM
MD
LG