Մատչելիության հղումներ

«Եթե հնարավորություն լիներ, կուզեի մնալ այստեղ». Հայաստան տեղափոխված Ուկրաինայի քաղաքացի


Ուկրաինուհի Եկատերինան իր առաջին դասարանցի տղայի հետ հայերեն տառերն է սովորում. մայրիկի մոտ դեռ ավելի լավ է ստացվում, բայց Կատյան ասում է՝ օրինակ պիտի լինի տղայի համար, հանկարծ երեխան հայկական միջավայրում չկաշկանդվի, չնեղվի, որ պատերազմի հետևանքով կտրվել է իր հարազատ Նիկոլաևից։ 9 ամսվա ընթացքում Արտյոմը այբուբենն է սովորել, արդեն փոքրիկ տեքստեր է կարդում։

«Հենց պատերազմը սկսվեց մենք մեկ ամիս ապրեցինք Ուկրաինայում։ Մեր տան ամենաապահով տեղը միջանցքն էր։ Մի ամիս այնտեղ քնեցինք՝ ընտանիքի բոլոր անդամներով, այդ թվում՝ իմ ու ամուսնուս քույրերը։ Իհարկե, հասկացանք, որ այսպես այլևս հնարավոր չէ։ Երեխաներին պետք է փրկել։ Ամուսինս ասաց՝ հավաքվեք, գնում ենք։ Հայաստանում ամուսինս ազգականներ ունի, դրա համար եկանք։ Հեռու են ապրում Երևանից, իհարկե, բայց գոնե երբեմն մեզ այցելում են, մենք էլ մեզ ավելի ապահով ենք զգում», - պատմեց Եկատերինան:

Եկատերինա Գնունյանի ազգությամբ հայ ամուսինը Ուկրաինան լքել չէր կարող ռազմական դրության պատճառով, բայց կնոջը, 2 մանկահասակ երեխաներին, կրտսեր քրոջը Լեհաստանով Հայաստան է ուղարկել՝ մտածելով ավելի հանգիստ կլինի, եթե ընտանիքը իր պապիկի հայրենիքում մնա։ Երկրորդ անգամ են Հայաստանում. առաջինը՝ զբոսաշրջիկի, հիմա արդեն փախստականի կարգավիճակում:

«Առաջին հերթին փաստաթղթերով էինք զբաղվում, տղաս պետք է դպրոց գնար։ 5 ամիս դեսուդեն ընկանք։ Հիմա Արտյոմը դպրոց է գնում, հայերեն է սովորւմ, Կարոլինան էլ՝ մանկապարտեզի հերթում է։ Բայց Ուկրաինայի հետ կապը չենք կորցրել. Արտյոմը նաև միանում է ուկրաինական դպրոցի հեռավար դասերին։ Ցավոք, ես աշխատանք գտնել դեռ չեմ կարողանում», - ասաց նա։

Կենսաբան Կատյան աշխատանք դեռ չի գտել, ուստի դժվարանում է կողմնորոշվել՝ ինչպես պետք է շարունակել ապրել։ 2 երեխաների հետ գոյատևելը շատ բարդ է, ամուսնու քրոջը՝ 21-ամյա դեղագործ Անգելինային էլ չի հաջողվում մասնագիտությամբ աշխատանք գտնել. հայերեն սովորելը հեշտ չէ, ասում է և ժպտալով ավելացնում՝ թեև մերժում են ինձ գործի ընդունել, բայց այնքան սիրով, որ նեղանալ էլ չի ստացվում։

«Չէ՞ որ դեղատուն է, պետք է մարդկանց բացատրել կարողանամ՝ ինչպես օգտագործել դեղերը։ Առաջ ինչ-որ մտքեր ունեի, հիմա մի նպատակ ունեմ՝ հնարավորինս շուտ հանդիպել հարազատներիս...թե որտեղ չգիտեմ, բայց դա ամենակարևորն է հիմա։ Եթե հնարավորություն լիներ, ես կուզեի մնալ այստեղ։ Մարդիկ այստեղ լավն են, անգամ եթե ռուսերեն չգիտեն, քեզ հասկանում են, քեզ օգնում են, նրանք անտարբեր չեն», - ընդգծեց Եկատերինան։

Այս տարի Հայաստանից ապաստան խնդրած մարդկանց կեսից ավելին Ուկրաինայից են։ Միգրացիոն ծառայությունն աննախադեպ շատ՝ 700 խնդրագիր է ստացել օտարերկրյա քաղաքացիներից։ Սովորական տարիներին միջինը 250 դիմում են ստանում, սակայն 10 տարի առաջ 2012-ին՝ Սիրիայի պատերազմի ժամանակ թիվը հասել էր մոտ 600-ի։ Տարին դեռ չի ավարտվել, բայց առաջին 9 ամիսների տվյալներով՝ 700 դիմողներից 367-ը Ուկրաինայի քաղաքացիներն են։

«Նրանք լինեն ազգությամբ հայեր, ուկրաինացիներ, թե այլ ազգությամբ Ուկրաինայի քաղաքացիներ, և առաջին 9 ամիսների կտրվածքով նրանցից 168-ին մենք արդեն տվել ենք փախստականի կարգավիճակ և ապաստան», - ներկայացրեց Միգրացիայի ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Ղազարյանի խոսքով՝ աշխարհի տարբեր կետերում ռազմական, քաղաքական սրացումներն են Հայաստանը գրավիչ դարձնում օտարերկրացիների համար։ Կարգավիճակ ստացողները բնակարանի վարձ են ստանում պետությունից։ Հետպատերազմական Հայաստանում Արցախից տեղահանվածների հարցերը դեռ չի ստացվում լուծել, բայց Միգրացիայի ծառայությունից հավաստիացնում են՝ մեկը մյուսի հաշվին չի արվում, խոստովանում են՝ շատ ավելի լավ պայմաններ ունենալու դեպքում, ավելի շատ դիմումներ կունենային։

«Վերածվել է և՛ տրանզիտի երկրի, այսինքն, գալիս են Հայաստան և Հայաստանից գնում են երրորդ երկիր, և՛ ընդունող երկրի: Մենք ունենք բազմաթիվ դրական ինտեգրման փորձեր, երբ անձը ճանաչվել է Հայաստանում փախստական և հետագայում հաստատվել է այստեղ, բայց անշուշտ, ունենք նար տրանզիտի դեպքեր», - ասաց Արմեն Ղազարյանը:

«Չգիտեմ՝ ինչպես կստացվի, պատերազմը սովորեցրեց՝ ծրագրեր չկառուցել», - երիտասարդ ուկրաինուհին պատմում է՝ հիմա նոր կյանքին է հաշտվում. հայերեն սովորում, Երևանի գեղատեսիլ վայրերն ուսումնասիրում, ժամանակ է մնացել զբաղվելու սիրելի գործով՝ նկարչությամբ. ծով, արև, երևի Ղրիմի կարոտն է՝ թիկունքում դրված նկարն է ցույց տալիս։

XS
SM
MD
LG