Մատչելիության հղումներ

Միջազգային պարբերականները Հայաստանը ներառում են որպես արշավային ակտիվ ուղղություն` միաժամանակ նկատելով մի շարք բացեր


Բրազիլացի Լուկաս Բիգետտին ու լեհ Քամիլ Նգույեն Վանը Հայաստանը բացահայտելու համար որոշել էին մագլցել Արագածի հարավային գագաթը։ Քայլարշավային խմբերում այժմ ավելի հաճախ կարելի է տեսնել օտարերկրացիների աշխարհի տարբեր անկյուններից։

«Ես եկա Հայաստան մոտավորապես երկու ամիս առաջ, ես շատ սիրում եմ Հայաստանը, բնությունը», - «Ազատությանն» ասաց Լուկաս Բիգետտին:

«Այս արշավի մասին ընկերներիցս իմացա: Ասացին, որ այն հիանալի է, որ հայերի հետ լեռ ես մագլցում, որ այլ տուրիստները շատ չեն, որ բնությունը անաղարտ է, շատ մաքուր», - նշեց Քամիլ Նգույեն Վանը։

Տուրիստական այս ակտիվ շրջանում միջազգային պարբերականներն էլ աշխարհի լավագույն արշավային ուղղությունների ցանկում ներառում են Հայաստանը։ Օրինակ, ըստ ամերիկյան CNN-ի` Հայաստանի գեղատեսիլ բնական լանդշաֆտները բացահայտելու լավագույն միջոցը քայլելն է, այստեղ են գտնվում Եվրոպայի լավագույն արշավային արահետներից մի քանիսը: Խորհուրդ տալով Երևանից բացի, բացահայտել նաև գյուղերն ու լեռները՝ «Եվրոնյուզն» էլ գրում է, որ համավարակից հետո Հայաստանն իրեն դիրքավորում է որպես յուրահատուկ փորձառությունների, գողտրիկ և հանգիստ ճամփորդական ուղղություն։

Ինչո՞վ է առաձնահատուկ Հայաստանը հենց որպես արշավային ուղղություն: Արդեն տասը տարի լեռնային քայլարշավներ կազմակերպող Armenian Geographic նախագծի հիմնադիր Տիգրան Շահբազյանն ասում է՝ և բնությունն է բազմազան, և արահետներն են շատ։

«Հայաստանի բնությունը շատ ավելի հետաքրքիր է իրականում, որովհետև վանքերից, եկեղեցիներից, իրենք ինչքան էլ սիրուն են, լավն են, հին են, բայց իրենք շատ միանման են, այսինքն` այդ ճարտարապետությունից շատ հեշտ է հոգնել, իսկ Հայաստանի բնությունը շատ ավելի բազմազան է, երթուղիները շատ ավելի շատ են ու շատ հետաքրքիր են», - նկատում է նա։

Շաբաթ օրը Արագածի գագաթ մագլցող զբոսաշրջիկների թիվն իրոք աննախադեպ էր, քարավանը՝ երկար: Օտարերկրացի արշավականները տարբեր երկրներից էին՝ Լեհաստանից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Միացյալ Նահանգներից։

«Կարծում եմ, որ լեռնագնացությունը երկիրը ճանաչելու ամենագեղեցիկ միջոցներից է, և կարծում եմ` Հայաստանն աշխարհի լավագույն արշավային ուղղություններից է իր գեղեցկագույն լեռների և բազմազան բնապատկերների շնորհիվ», - իր տպավորություններով է կիսվում ամերիկացի Նաթանիել Մաեկավան։

Հայաստանը որպես արշավային ակտիվ ուղղություն առանձնացնող միջազգային պարբերականները միաժամանակ նկատում են, որ երկրում բազմաթիվ ճանապարհներ անմխիթար վիճակում են, զբոսաշրջային ենթակառուցվածքները՝ չզարգացած։

«Ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման առումով հարկ եմ համարում նշել մի ընթացիկ ծրագիր, որը Համաշխարհային բանկի և Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ է իրականացվում, դա Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրն է: Հիմնական նպատակն է ստեղծել այնպիսի բարեկարգ միջավայր, որոնք կլինեն թե ուղղորդող ճանապարհներ, թե զբոսաշրջիկների համար հարմարավետ միջավայր, շվաքարաններ, զուգարաններ և այլն, որոնք գտնվում են հարակից զբոսաշրջային վայրերում», - հայտնեց Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչ Անահիտ Ոսկանյանը:

Ըստ Զբոսաշրջության կոմիտեի՝ ծրագրի շրջանակներում որոշ աշխատանքներ արդեն ավարտին են հասցվել, մյուսների վերջնաժամկետը 2024 թվականն է։ Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի անդամ, զբոսավար Արա Պետրոսյանը ճանապարհների հարցում առաջընթաց նկատել է, բայց կա մի խնդիր ոչ ոչ մի կերպ չի շտկվում։

«Տուրիզմի մեջ շատ կարևոր կետ է, կներեք, որ այս հարցին մանրամասն անդրադառնում եմ, բայց զուգարանների խնդիրը, լավ վիճակում, մաքուր վիճակում, վճարովի զուգարանների խնդիրը դեռևս կախված է օդում, և շատ քիչ տուրիստական վայրեր ունենք, խոսքը գնում է ամենաայցելվող տուրիստական վայրերի մասին, ոչ երկրորդական, շատ քիչ վայրեր կան, որտեղ կարող ենք մատնանաշել նորմալ մաքուր, եվրոպական ստանդարտի զուգարան: Իսկ տուրիստի համար, կապ չունի որ երկրից է ժամանել Հայաստան, դա երկրի մասին կարծիք կազմելու ամենաառաջնային նիշերից է», - նկատեց Արա Պետրոսյանը։

Armenian Geographic նախագծի հիմնադիր Տիգրան Շահբազյանը նաև ամենուր սփռված աղբի խնդիրն է առանձնացնում։ Ասում է՝ դա երբեք չի վրիպում արշավականների աչքից, իսկ աղբ Հայաստանում ամեն քայլի կհանդիպես, նույնիսկ արգելավայրերում։

Իրենք՝ արշավականները «Ազատության» հետ զրույցում ևս ասում էին, որ ենթակառուցվածքները զարգացած չեն, բայց այդ խնդիրները փոխհատուցվում են տեղացիների բարեհամբույր վերաբերմունքով:

«...Դե գուցե ճանապարհները լավագույնը չեն, բայց ես ավելի վատ ճանապարհներ եմ տեսել, բայց մարդիկ են շատ լավը: Այստեղ շատ հեշտ է ճամփորդելը, բոլորը ցանկանում են քեզ օգնել, և դու շատ ապահով ես քեզ զգում Հայաստանում: Այլ երկրներում դու պետք է մտածես` ինչ տաքսի նստես կամ հիշես մեքենայի պետհամարանիշները, Հայաստանում նման բաների մասին չես մտածում, ինչը շատ լավ է», - նշում է լեհ զբոսաշրջիկ Քամիլ Նգույեն Վանը:

Պաշտոնական տվյալներով՝ նախքան համավարակը՝ 2019-ին Հայաստան է այցելել շուրջ 1,9 միլիոն զբոսաշրջիկ, 2020-ին՝ 375 հազար, 2021-ին՝ 870 հազար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում միջազգային այցելությունների թիվը հասնում է գրեթե 600 հազարի։ Ամենաշատը այցելում են Ռուսաստանից, Իրանից, Ուկրաինայից, Միացյալ Նահանգներից ու Ֆրանսիայից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG