Մատչելիության հղումներ

ՀՀ-ում ռուսական զորամիավորման ծառայողները արցախցիների բեռը հափշտակել են, վերադարձնելու դիմաց փող պահանջել. փաստաբան


Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորման ծառայողները արցախցիների բեռը հափշտակել են, այն վերադարձնելու դիմաց էլ փող պահանջել, ահազանգում է փաստաբան Ռոման Երիցյանը Ստեփանակերտից։

«Հինգ հոգի փորձել են Ռուսաստանի Դաշնության զինծառայողների օգնությամբ կամ մասնակցությամբ Արցախ տեղափոխել որոշակի բեռ», - ասաց նա:

Շուրջ 35 միլիոն դրամի ապրանք՝ սննդամթերք, հեռախոսներ, լուսատու սարքեր, որ այս օրերին հովհարային անջատման մեջ ապրող մարդկանց շատ է անհրաժեշտ. Ստեփանակերտի 5 խանութների տերեր ռուս ծառայողների հետ պայմանավորվել, վճարել են, որ նրանք բեռը Գորիսից Լաչինի փակ միջանցքով Ստեփանակերտ հասցնեն։ Հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը ապրանքը մտել է Գորիսում գտնվող ռուսների պահեստ և այնտեղից այլևս դուրս չի եկել՝ բեռից մի քանի լուսանկարներ են մնացել։ Փաստաբանը հիմնավոր է համարում հենց հափշտակությունը. «Բեռն իրոք մուտք է գործել, դա անվիճելի փաստ է, հաստատված է, որ բեռն իրոք մուտք է գործել Գորիս քաղաքում ՌԴ զինծառայողների համար նախատեսված հատուկ պահպանության կետ՝ պահեստ, և այդ պահեստ մուտք գործելու դոստուպ ունեն միայն Ռուսաստանի Դաշնության զինծառայողներն ու զինծառայողների պաշտոնատար անձինք»։

Հետո, ըստ փաստաբան Երիցյանի, մի քանի բարձրաստիճան ռուսներ արցախցի տնտեսվարողներից 3 միլիոն դրամ են ուզել ուղղակի շնորհակալության փոխարեն, որպեսզի բեռը վերադարձնեն։

Արցախցի տնտեսվարողներն այսօր այլ մանրամասներ չցանկացան պատմել, ասացին՝ կհետևեն իրավական գործընթացին։

Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանն էր օրեր առաջ Արցախի Հանրայինի հետ զրույցում անդրադարձել այս հարցին, նախ շեշտել, որ դեպքը Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հետ կապ չունի. «Պարզվեց, որ իրականում դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, և Արցախում ռուս խաղաղապահները դրա հետ որևէ առնչություն չունեն: Ի վերջո նաև մենք խորհրդատվական կարգով դիմեցինք հայաստանյան մեր գործընկերներին, և այս պահին, բարեբախտաբար, գործընթացը իրավական ընթացք է ստացել, և կարծում եմ՝ իրավական լուծում կստանա»։

Ենթադրվում է, որ այժմ դեպքի հանգամանքները քննում են Հայաստանի քննչական կոմիտեում, միայն թե այս կառույցից որևէ տեղեկություն չեն տրամադրում։

«Պետք է հարուցվի քրեական գործ, և իմ տվյալներով հարուցված է քրեական գործ թե մեր, թե Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից», - նշեց փաստաբանը։

Միլիոններ կորցրած բիզնեսմեններին բացատրության է հրավիրել Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ - քննիչը, տեղեկացնում է նրանց փաստաբանը։ Արդյոք հարցեր չեն ծագում այն մասին, որ գործարարները որոշել էին ռուսներին վճարել ու իրենց ապրանքը Ստեփանակերտ հասցնել. Ռոման Երիցյանը պնդում է՝ այստեղ կաշառքի հանցակազմ գոյություն չունի. «Տղաներին ուղղակի փող են տվել՝ այստեղի ոչ թե թույլտվությունն ապահովելու նպատակով, այլ ուղղակի բեռնափոխադրումն իրականացնելու նպատակով: Ռուսաստանի Դաշնության զինծառայողների լիազորությունների մեջ չի մտնում բեռի տեղափոխումն Արցախ»։

Լաչինի միջանցքը երկու ամիս է, ինչ փակ է, Արցախը՝ բլոկադայի ու առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ կարիքի մեջ։ Որ ռուս ծառայողները իրենց բուն պարտականություններին զուգահեռ նաև փողով բեռնափոխադրումներ են կազմակերպում՝ ավելի վաղ ստեփանակերտցիներն էին «Ազատությանը» պատմել՝ նաև դրանով հիմնավորելով այն, որ որոշ ապրանքնատեսակներ թանկացել են կրկնակի։ Այս դեպքում, ըստ փաստաբանի, խոսքը խարդախության, շորթման ու լիազորությունները չարաշահելու մասին է։ Հույս ունի, որ հայ և ռուս իրավապահները քննությամբ կհաստատեն այդ ամենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG