Անպիտան հրթիռների գործով մեղադրյալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանն այսօրվա դատական նիստից հետո «Ազատությանն» ասաց՝ մեղադրանքը չի ընդունում, հրթիռներն էլ անսարք չեն եղել։ Մոտ մեկ տարի ընթացող փակ դատաքննության ընթացքում Դավթյանը առաջին անգամ խոսեց մեղադրանքի մասին:
Ազատության մեջ գտնվող 52-ամյա գեներալ-լեյտենանտը, որ այս տարեսկզբին պաշտոնանկ արվեց Զինված ուժերի շտաբի պետի պաշտոնից, մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու կամ պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելու համար։ Այս գործով գլխավոր մեղադրյալը, սակայն, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պաշտպանության նախարար նշանակված ու պատերազմից հետո հրաժարական տված Դավիթ Տոնոյանն է։ Մեղադրյալի աթոռին է ևս 5 մարդ, այդ թվում՝ զենքի մատակարար Դավիթ Գալստյանը։
Ըստ մեղադրանքի՝ բարձրաստիճան զինվորականները բանակին զինամթերք մատակարարող Դավիթ Գալստյանից 2018-ին ձեռք են բերել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված ռազմամթերք, որը հնարավոր չի եղել կիրառել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Դա, ըստ մեղադրանքի, արվել է հետևյալ կերպ՝ Դավիթ Գալստյանը պարտք է եղել Պաշտպանության նախարարությանը և այդ պարտքի դիմաց էլ նախարարությունը ստացել է հրթիռները։
«Որևէ լումա չի ծախսվել այս հրթիռների ձեռքբերման, այսինքն, վատնման մեջ են մեղադրում անձանց, էդ վատնումը որպես այդպիսին ենթադրում է որևէ նյութական միջոցի կորուստ, բայց ո՛չ պետության, ո՛չ Պաշտպանության նախարարության, ո՛չ արտաբյուջետային միջոցներից որևէ լումա չի սպառվել», - ասաց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
Այս գործով ավելի քան մեկ տարի կալանքի տակ է 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմական գերատեսչությունը ղեկավարած Դավիթ Տոնոյանը, որը մեղադրվում է 4.6 միլիոն դոլար յուրացնելու համար։ Նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանն ասաց՝ այսօրվա դատական նիստի չհասցրեց առաջարկել գործին կցել փաստաթղթեր, որոնք, ըստ նրա, ապացուցում են իր պաշտպանյալի անմեղությունը։ Դրանցից է, օրինակ, հրթիռների վերաբերյալ ռուսական կողմի եզրահանգումները ժամկետի, պիտանիության մասին։ Ասաց՝ գործում կա միայն Պաշտպանության նախարարության փորձագետի սուբյեկտիվ եզրակացությունը հրթիռի չափերի, բայց ոչ որակի մասին, մինչդեռ իրենց ներկայացրած փաստաթղթերը նախաքննության ժամանակ այդպես էլ չեն կցվել գործին։
«Փորձագետի կողմից այդ մասով ասեմ, որ տրվել է շատ խիստ սուբյեկտիվ գնահատական, տրվել է, որ չի համապատասխանում տեխնիկական նորմերին, այնինչ մեր ձեռքի տակ առկա առավել բարձր պաշտոնապես ստացված փաստաթղթերով, այսինքն, այդ հրթիռները նախագծած ինստիտուտի կողմից տրված փաստաթղթով, հրթիռները այն չափերով, որքանով որ առկա են, դրանք համապատասխանում են տեխնիկական նորմերին: Փորձագետը, թե որտեղից է վերցրել այդ չափերը կամ ինչքանով է կիրառելի եղել այս հրթիռների նկատմամբ, մեզ համար անհասկանալի է: Քաշի մասով լրիվ նույնը կարող եմ ասել, փորձագետի եզրակացությամբ արձանագրված է, որ չի համապատասխանում, այնինչ իրականում դրանք համապատասխանում են, նույնը ժամկետների մասով», - ընդգծեց փաստաբանը:
Հրթիռները բանակին վաճառած Դավիթ Գալստյանը ևս մեղքը չի ընդունում։ Նա կալանքից ազատ էր արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց, անազատության մեջ անցկացրել երեք ամիս։ Գալստյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությունից մեկ միլիոն դոլար հափշտակելու համար։ Նրա փաստաբան Արմեն Հարությունյանը ևս պնդում է՝ հրթիռների պիտանիությունը փորձաքննությամբ չի էլ ստուգվել:
«Փորձաքննությունը նման բան ցույց չի տվել, հենց խնդիրը նրանում է, որ մենք վիճարկում ենք, որ պիտանիության վերաբերյալ փորձաքննություն չի էլ իրականացվել», - ասաց Հարությունյանը:
Մեղադրյալների փաստաբանները նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում, երբ կարճ ժամանակով նիստը բացվել էր, պնդել էին՝ Ռուսաստանից ձեռք բերված այս հրթիռների ժամկետը 2013 թվականին ՌԴ ռազմաօդային ուժերում 30 տարով երկարաձգվել է։ Ինչո՞ւ է մեղադրանքը հիմնվում Պաշտպանության նախարարութան փորձաքննության վրա, մյուս կողմից էլ գործում որպես ապացույց ներառված չեն ռուսական կողմի պատասխանները։ Փաշինյանի նախկին թիմակից Տոնոյանի փաստաբանի կարծիքով, այստեղ քաղաքական ենթատեքստ կա։ Իր հերթին, պաշտպանության նախկին նախարարը ամիսներ առաջ գործը որակել էր «քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում»։
Այս դատաքննությունը փակ է ընթանում և լրագրողները հնարավորություն չունեն ճշտելու մեղադրող կողմի դիրքորոշումը։ Դավիթ Տոնոյանը պարբերաբար պահանջում է բաց դատաքննություն անցկացնել, սակայն դատախազները դեմ են։