Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ զինված հարձակումից չորս օր անց երկու երկրների հարաբերություններում լարվածությունը չի թուլանում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր խորհուրդ է տվել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Իրան այցելություններից։
«Հաշվի առնելով Իրանում առկա անկայուն իրավիճակը և Ադրբեջանի դիվանագիտական ներկայացչության դեմ կատարված ահաբեկչական հարձակումը՝ խորհուրդ ենք տալիս Ադրբեջանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Իրան այցելություններից, այդ երկիր մեկնելու դեպքում էլ խիստ զգոնություն ցուցաբերել», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի այսօր տարածած հայտարարության մեջ։
Օրվա երկրորդ կեսին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարեց երկրի մի շարք շրջաններում «իրանական գործակալական ցանցի դեմ իրականացված հատուկ գործողության մասին»։ Գերատեսչության պնդմամբ՝ դրա ընթացքում յոթ մարդ է ձերբակալվել, խուզարկություններ են իրականացվել SalamNews և Inter.az կայքերի խմբագրություններում։ «Թուրան» գործակալության տեղեկություններով՝ այս լրատվամիջոցները իրանամետ են համարվում և ֆինանսավորվում են Ռուսաստանում բնակվող մի շարք ադրբեջանցի գործարարների կողմից։
Այսպիսով, կարելի է հստակ եզրակացնել՝ նախորդ ուրբաթ օրը Թեհրանում տեղի ունեցած զինված միջադեպից հետո, որի հետևանքով զոհվեց Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության պետը, երկու երկրների առանց այդ էլ բարդ հարաբերություններում ծագած ճգնաժամն ավելի է խորանում։ Կիրակի օրը Թեհրանից Բաքու տարհանվեց ադրբեջանական դեսպանատան ողջ անձնակազմը՝ ընտանիքի անդամների հետ միասին։ Ադրբեջանի անկախացումից և Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր առաջին անգամ Թեհրանում գործող ադրբեջանական դեսպանատունը փակել է դռները։ Այսքանով, սակայն, պաշտոնական Բաքվի՝ Իրանի դեմ ուղղված քաղաքական դեմարշները չեն սահմանափակվում։ Երեկ դրանց միացավ Թեհրանի հետ վաղեմի կապեր ունեցող ամենահայտնի ադրբեջանցի գործիչը՝ շիա մահմեդականների առաջնորդ, շեյխ-ուլ-իսլամ Ալահշուքյուր Փաշազադեն։
Կովկասի մահմեդականների վարչության պետը Թեհրանում սպանված ավագ լեյտենանտ Օրհան Ասքերովի հոգեհանգստի արարողությունից հետո մի շարք կոշտ հայտարարություններ հնչեցրեց իրանցիների հասցեին։
«Այսօր մենք Իրանից նահատակ ենք բերել։ Մի երկրից, որ համարում էինք եղբայրական պետություն։ Մենք, սակայն, արդեն հասկացել ենք՝ Իրանը մեր եղբայր երկիրը չէ, դա Հայաստանի եղբայրն է», - ասել է Ալահշուքյուր Փաշազադեն։
Ուշագրավ է, ի դեպ, որ ինքը՝ Ադրբեջանի շիա մահմեդականների առաջնորդը, մի շարք չհերքված տեղեկությունների համաձայն, ազգությամբ ոչ թե ադրբեջանցի է, այլ իրանցիների հետ բազմաթիվ ընդհանրություններ ունեցող, Ադրբեջանի հարավային, Իսլամական հանրապետությանը սահմանակից շրջաններում ապրող թալիշ ժողովրդի ներկայացուցիչ։ Չնայած դրան, այս նույն հարցազրույցում Փաշազադեն հիշատակում էր նաև Իրանում ապրող էթնիկ ադրբեջանցիներին, պնդելով, որ պաշտոնական Թեհրանը նրանց ճնշում է։
«Իրանի պետության կազմում այսօր շուրջ 40 միլիոն ադրբեջանցի է ապրում։ Նրանք գերիներ են իրանական, պարսկական վարչակազմի ձեռքում», - հայտարարել է Փաշազադեն՝ Թեհրանում սպանված ադրբեջանցի սպայի հոգեհանգստի արարողության ժամանակ։
Ընդհանրապես պետք է նշել, որ Օրհան Ասքերովի մարմնի տեղափոխումը Բաքու և նրա հուղարկավորությունը վերածվեցին հակաիրանական գործողությունների մի շարքի։ Նախ՝ միջադեպ տեղի ունեցավ Թեհրանի օդանավակայանում, երբ Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատակիցները թույլ չտվեցին իրանական պատվո պահակազորի անդամներին սպանված սպայի դին տեղափոխել մինչև օդանավ։ Մի խումբ սևազգեստ ադրբեջանցի տղամարդիկ պարզապես հրելով հեռացրեցին շփոթված իրանցի զինվորականներին՝ նրանցից բառացիորեն խլելով սպանված հայրենակցի դին։
Բաքվում արդեն Օրհան Ասքերովի հուղարկավորությունը հակաիրանական տրամադրությունների դրևսորման ևս մեկ առիթ դարձավ։ Զինված հարձակման ընթացքում զոհված անվտանգության սպային հուղարկավորեցին «Շեհիդների ծառուղում»`Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների զոհերի կողքին։ Հուղարկավորության արարողությանը ներկա էին Ադրբեջանի բոլոր ուժային կառույցների ղեկավարները։