Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Իրան այցելելուց։
«Հաշվի առնելով Իրանում անկայուն իրավիճակը և Ադրբեջանի դիվանագիտական առաքելության դեմ իրականացված ահաբեկչական գործողությունն՝ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ Իրան այցելելուց, եթե դա ծայրահեղ անհրաժեշտ չէ, իսկ այցելելու դեպքում մեծ զգուշություն ցուցաբերել»,-հունվարի 31-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, նշելով, որ հյուպատոսական հարցերով Իրանում Ադրբեջանի քաղաքացիները կարող են դիմել Թավրիզում գտնող գլխավոր հյուպատոսություն։
Հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված զինված հարձակումից հետո դեսպանատան աշխատակազմը տարհանվել է Բաքու։ Հարձակման հետևանքով զոհվել է դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը։
Իրանի պաշտոնյաները պնդում են, որ հարձակվողն անձնական, ընտանեական խնդիրներ է ունեցել։