Մատչելիության հղումներ

«Էս պահին ես ամենաշատը խաղաղության, ապահովության կարիք ունեմ». արցախցի բազմազավակ մայր


Արցախում մասնակի վերականգնվել է գազամատարարումը, ինչի արդյունքում, Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, Ստեփանակերտի գազալցակայանները սկսել են աշխատել։ Չորս օր է Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել էր Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարը։

«Էս պահին ես ամենաշատը խաղաղության, ապահովության կարիք ունեմ, որ ես հաստատ համոզված լինեմ, որ թուրքը չի մտնի էստեղ կոտորած չի անի, և էս իրավիճակից դուրս գանք։ Էս պահին ուրիշ ոչ մի բանի կարիք չունեմ», - ասում է Շուշիից տեղահանված և Արցախի Իվանյան գյուղ տեղափոխված Արմինեն, ով իր չորս անչափահաս երեխաների հետ փորձում է դիմակայել 45 օր շարունակվող շրջափակմանը։

Բազմազավակ մոր խոսքով, կտրոնային համակարգի շնորհիվ սննդի հետ կապված խնդիրները փոքր-ինչ կարգավորվել են՝ շաքարավազ, ձեթ, նպարեղեն կարողանում են ձեռք բերել և այլևս ստիված չեն երկար հերթերում կանգնել։ Այժմ ավելի շատ բնակարանը տաքացնելու խնդիր ունեն՝ գազ օրերով չի լինում, կացարանում փայտի վառարան դնելու հնարավորություն չկա, իսկ հոսանքի անջատումները ավելի հաճախակի են դարձել. - «Ջեռուցման համակարգը մեր պլիտաներ ա։ Սպասում ենք, երբ որ հենց հոսանքը գալիս ա, տաքանում ենք։ Եթե չէ... մանավանդ որ պատերը քարե պատեր չեն, ավելի շուտ ա ցրտում, քան մնացած վայրերում»։

Ստեփանակերտցի թոշակառու, 67-ամյա Զինա Նաջարյանն էլ ասում է, որ արդեն հարմարվել են գազի ու հոսանքի անջատումներին։ Հոսանքը վերականգնվելուն պես ճաշն էլ են եփում, լվացքն էլ են անում։ Ճիշտ է հիգիենայի պարագաները չկան, բայց դրան էլ են սովորել. - «Ամենաշատը երևի էդ հիգիենայի պարագաներն են, լվացքի փոշին ա...»

Իվանյանում ապրող Արմինեի 3 երեխաները դպրոցական են, ամենափոքրը 2 տարեկան է, բազմազավակ մայրն ասում է, որ անգամ ցրտից այդքան չեն նեղվում, որքան դպրոցների փակվելուց։ Արցախում ուսումնական հաստատություններն անորոշ ժամանակով փակ են հունվարի 19-ից։ - «Խեղճ երեխաները 19 թվից սկսած անընդհատ... քանի կար կորոնավիրուս, դրանից հետո պատերազմ, պատերազմից հետո նորից կորոնավիրուս, հիմա էլ... Մի ամբողջ սերունդ տապալվեց։ Մեր մտահոգությունը ամենից շատ կրթությունն ա, ամեն ինչի մենք կարող ենք դիմակայել։ Այստեղ արդեն ավելի շատ կրթության քաղցն ա»։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի փոխանցմամբ՝ այժմ խիստ սահմանափակ թվով ապրանքներ են տեղափոխվում Արցախ։ Մասնավոր ընկերությունների կողմից Հայաստանից ձեռք բերած սահմանափակ քանակությամբ սննդամթերքը ռուս խաղաղապահները տեղափոխում են Արցախ։ Հետո դրանք կտրոններով վաճառվում են բնակիչներին, մարդասիրական բեռների շնորհիվ էլ սոցիալապես անապահով ընտանիքներն են անվճար օգնություն ստանում։

Մեսրոոպ Առաքելյանն ասում է՝ պետք է հասկանալ, որ 100 տոննա բեռը անգամ մեկ օրվա կարիքները բավարարելու համար կարող է քիչ լինել՝ հաշվի առնելով, որ մինչև շրջափակումը մեկ ամսվա կտրծվածքով Արցախ էր մտնում միջինը մինչև 13 հազար տոննա ապրանք. - «Հունվարի 20-ից մինչև փետրվարի 20-ի համար կտրոնները տրամադրել են, փորձ է արվում առնվազն այն խմբաքանակը, որը քաղաքացիներին կտրոնները տրամադրվել են, գոնե այդ խմբաքանակը փորձ արվի մատակարարել խանութների միջոցով»։

Արցախում խորանում է էներգետիկ ճգնաժամը

Առաջին անհրաժեշտության ապրանքների սղությանը զուգահեռ, Արցախում խորանում է էներգետիկ ճգնաժամը։ Արտադրվող տեղական էլեկտրաէներգիայի ծավալները գնալով նվազում են։ Հունվարի 9 -ից խափանվել է Հայաստանից Արցախը սնուցող միակ բարձրավոլտ գիծը։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ տեղանքին և հոսանքի վերկանգնման աշխատանքներ իրականացնել։

«Կարծեմ այսօր երկու անգամ երեքական ժամ պետք է անջատումներ լինի։ Այս մասով էլ ծանրաբեռնվածությունը ընկած է Արցախում լոկալ ՀԷԿ-երի վրա, և այդ ուղղությամբ նույնպես բավականին խիստ մտահոգություններ ունենք, որովհետև ամեն օր արտադրողականությունը հոսանքի նվազում ա», - նշում է Մեսրոպ Առաքելյանը։

Խորացող Էներգետիկ ճգնաժամի հետևանքները մեղմելու համար Ստեփանակերտի քաղաքապետարանը կարիքավոր ընտանիքիներին սկսել է անվճար վառարաններ և վառելափայտ բաժանել։

«Հայտերը արդեն շատ-շատ ա դառնում, որովհետև կարիքը շատ կա։ Վառարանների բավականին քանակ ունենք դեռևս պահեստավորած։ Հայտեր լինում են և բավարարում ենք», - ասում է Արցախի ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը։

Շրջափակման դժվարություններին գումարվում է նաև անորոշության զգացողությունը։ 4 երեխաների մայր Արմինեն մտահոգված է՝ ինչո՞վ է այս ամենը ավարտվելու։ Սարսափում է այն մտքից, որ մի օր էլ կարող է Իվանյանից իրենց տեղահանեն. - «Ինչո՞ւ կառավարությունը ի վերջո հստակ չի ասում՝ ի՞նչ ա ուզում մեզնից թշնամի պետությունը։ Ի վերջո, կարելի ա մեզ հետ ուղիղ լինել, ասել ինչ ա սպասվում։ Ամենաշատը բոլորս վախենում ենք, որ լուսաբացը լինելու ա, ու մեզ ասելու են դուրս էկեք»։

Ստեփանակերտցի թոշակառու Զինան ասում է, որ պատրաստ են դիմանալ բոլոր դժվարություններին, միայն մնան իրենց հողում. - «Ինչպես ասում են՝ արցախցիների ճակատը պինդ ա։ Ինչ էլ անեն, դիմանալու ենք, մենք մեր հողի դուրս չենք գալու»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG