Հայաստանի երբեմնի բախտակից նախկին խորհրդային երկրներից մեկում տեղի են ունեցել կարևոր փոփոխություններ, որոնք ակամա մնացել են պատերազմական գործողությունների և համաշխարհային դրամատիկ այլ զարգացումների ստվերում՝ Թուրքմենստանում վերակազմավորվել է խորհրդարանը և սահմանվել է «ազգային լիդերի» տիտղոսը:
Մինչ այդ Թուրքմենստանի երկպալատանի Միլի Գենգեշում՝ խորհրդարանում կար Մեջլիսը, որը ստորին պալատ էր, և Հալք Մասլախաթին՝ Ժողովրդական խորհուրդը, որը վերին պալատն էր:
Հիմա մնում է միայն Հալք Մասլախաթին: Այն ճանաչվում է գերագույն ներկայացուցչական մարմին, որը հսկելու է իշխանության բոլոր ճյուղերի աշխատանքը, կարգավորելու է ներքին և արտաքին քաղաքականությունը և նույնիսկ կունենա Սահմանադրությունը փոխելու լիազորություն:
Դրա նախագահ է ընտրվել Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ով ներկայիս նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հայրն է:
Այս որոշումներն ընդունվել են անցած շաբաթ օրը՝ խորհրդարանի և հանրության ներկայացուցիչների համատեղ նիստում:
Նոր օրենքի համաձայն՝ Բերդիմուհամեդով ավագը «Թուրքմեստանի հերոսի», «Թուրքմենստանի պատվավոր ավագի» և «Արքադաղի»՝ «ժողովրդի հովանավորի» տիտղոսներից զատ նաև հռչակվել է «Թուրքմենստանի ազգային լիդեր»:
Ուշագրավ է, որ հենց ավագ Բերդիմուհամեդովի 2020 թվականի հրամանագրով էր մեկ պալատից կազմված խորհրդարանի փոխարեն ստեղծվել երկպալատանին, և նա հենց ինքն էր իրեն հռչակել վերին պալատի՝ Ժողովրդական խորհրդի նախագահ:
Վերլուծաբանների համոզմամբ՝ նախկին նախագահն իր այդ որոշումը վերանայելով հզորացնում է դիրքերը: Դրա նպատակն է տեսանելի ապագայում առանց ցնցումների ապահովել ամբողջական իշխանության փոխանցումը որդուն՝ գործող նախագահին, և գուցե հեռավոր ապագայում՝ նաև թոռներին:
Խորհրդարանի և հանրության ներկայացուցիչների համատեղ նիստից հետո տեղի է ունեցել հանդիսավոր համերգ, որի պատվավոր հանդիսատեսներից մեկը նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն էր: Նա էլ ունի «Արքադաղլի» տիտղոսը:
"Туркменистан сегодня" ռուսալեզու պաշտոնաթերթի փոխանցմամբ` ներկաները հիացմունքի վանկարկումներով ողջունել են Սերդար Բերդիմուհամեդովին և շնորհակալություն հայտնել, որ Թուրքմենստանում կարևոր որոշումները կայացվում են ժողովրդի հետ քննարկումներից հետո, ինչը վկայում է իշխանության և ժողովրդի սերտ կապի մասին:
Այս ժամանակափուլը Թուրքմենստանում անվանում են «Հզոր պետության նոր վերածննդի դարաշրջան»: «Մենք առաջ ենք գնում Արքադաղ Սերդարի հետ»՝ դա էր համերգի նշանաբանը: Արտիստները կատարել են երգեր ու պարեր:
Հանդիսավոր երգերից մեկի անունն է Ýaşasyn parahat durmuş՝ «Կեցցե խաղաղ կյանքը»: Այդ երգի խոսքերի հեղինակն ազգային լիդեր, նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն է:
Ինչպես "Туркменистан сегодня"-ն է հավատացնում, «երաժշտական արվեստի հրաշալի օրինակներով ներկայացվեցին եզակի ժողովրդական ավանդույթներ, որոնք վկայում են սերունդների շարունակականության մասին:
Վերջին երգը՝ Dowam bolsun՝ «Թող շարունակվի», դարձավ օրհներգ, որը կոչ է անում գնալ դեպի նոր հաղթանակներ՝ հանուն Թուրքմենստանի ժողովրդի բարգավաճման և հայրենիքի զարգացման»:
Այդպես մեկնարկեց նոր դարաշրջանը Թուրքմենստանում, որտեղ նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը դարձավ խորհրդարանի նախագահ և ազգի լիդեր, իսկ նրա որդին՝ Սերդարը, շարունակում է աշխատել նախագահի պաշտոնում: