Հիմա իրավիճակը կայուն է, նման է մյուս տարիների ոչ էպիդեմիկ շրջանին, «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց մանկաբույժ Մարի Դարակչյանը՝ անդրադառնալով սուր շնչառական հիվանդությունների տարածվածությանը:
Համեմատած նախորդ տարվա վերջին ամիսների հետ, երբ հիվանդանում էին առավելապես շատ փոքր տարիքի երեխաները, այսինքն, կրծքի հասակի երեխաները և նրանց վիճակը խիստ ծանր էր, ներկա պահին ավելի բնորոշ իրավիճակ է հենց շնչառական վիրուսներով պայմանավորված: Ներկա պահին ունենք թոքաբորբով հիվանդ երեխաներ, ունենք բրոնխիոլիտներով հիվանդներ, բայց ավելի փոքր խումբ, չենք կարող համեմատել տարեվերջյան այդ ակտիվության հետ, որը կարծում եմ, լրիվ այլ վիրուսային պատկերով էր պայմանավորված», - նշեց մանկաբույժը:
Մասնագետը նշեց, որ ներկա պահին ավելի շատ շրջանառվում է գրիպի վիրուսը, որի դեպքում առավել փոքր տարիքը այդքան էլ թիրախային չէ:
«Տարեվերջին շրջանառվում էր ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, որը փոքր երեխաների շրջանում առաջացնում է բրոնխիոլիտ կոչվող հիվանդությունը, որի հիմնական ախտանշանները դժվարաշնչությունն է, հազը, շնչառական անբավարարվածության զարգացումը, որը պահանջում է բուժում և հսկում հոսպիտալային պայմաններում: Ներկա պահին նմանատիպ ծանրաբեռնվածություն կոնկրետ բրոնխիոլիտների մասով չունենք, որովհետև իրավիճակը իրոք սարսափելի էր տարեվերջին», - ասաց Դարակչյանը:
Նա նշեց՝ եթե մարդիկ ամեն տարի պատվաստվեն, իրենք և իրենց ընտանիքի անդամները, կլինեն պաշտպանված:
«Հայաստանում կա պատվաստանյութ, պատվաստանյութն ամեն տարի սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին արդեն առկա է լինում բոլոր պոլիկլինիկաներում և այդ պատվաստանյութն ուղղված է լինում գրիպի դեմ: Կարևոր է, որ ծնողը հասկանա, որ գրիպ ասելով ի նկատի ունենք հենց այն հիվանդությունը, որը հարուցվում է գրիպի վիրուսներով, տեսակները A, B՝ իրենց ենթատեսակներով: Եթե մարդիկ ամեն տարի հոկտեմբեր ամսվա ընթացքում սկսեն պատվաստվել այդ պատվաստանյութով իրենք և իրենց ընտանիքի անդամները, մասնավորապես, երեխաները կլինեն պաշտպանված», - ներկայացրեց Դարակչյանը: