Մատչելիության հղումներ

ԱՆ-ն առաջարկել է դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել «համաճարակային ֆիլտր»


Երևանի թիվ 60 հիմնական դպրոցի շուրջ 700 աշակերտներից ավելի քան 160-ը ձմեռային արձակուրդից հետո այսօր դասի չեն գնացել։ Պատճառը վերջին շաբաթներին մեծամասամբ երեխաների շրջանում տարածվող սուր շնչառական վարակներն են, հատկապես «խոզի գրիպը» ։ Երեխաների մի մասը հիվանդ է, որոշ ծնողներ վախենում են իրենց զավակներին դպրոց ուղարկել։

Առավոտյան դպրոցներում ստուգում են բոլոր երեխաների ջերմությունը, բարձր լինելու դեպքում տուն են ճանապարհում։

«Ծնողին պարտադիր տեղյակ ենք պահում, մեկ էլ՝ դասղեկին, որ էդ երեխան մտել ա ու գնում ա տուն։ Ընթացքում շրջում ենք, եթե էլի հայտնաբերում ենք, էլի նույն ձևով, դասղեկի մեկ էլ ծնողի իմացությամբ, անպայման ուղարկում ենք տուն», - «Ազատությանն» ասաց դպրոցներից մեկի բուժքույր Անաիդա Հովսեփյանը։

Նրա խոսքով, ինքը և դասղեկները ծնողներին նաև զգուշացրել են, որ եթե երեխաների ինքնազգացողությունը վատ լինի, դասի չուղարկեն. - «Թեկուզ եթե երեխան վատ ա զգում, պարտադիր չի ջերմություն ունենա, ինքը չգա, որովհետև արդեն թույլ ա համարվում, կարա և դրսիվ վիրուս վերցնի»։

Կանխարգելիչ այս միջոցառումներն իրականացվում են առողջապահության նախարարի առաջարկությամբ։ «Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, առաջարկվում է դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել համաճարակային ֆիլտր՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար», - ասված է նախարարության գրությունում։

Թիվ 119 ավագ դպրոցի ջերմաչափերն առավոտյան թեև ոչինչ չէին արձանագրել, բայց դասերի ընթացքում երկու աշակերտի ինքնազգացողությունը վատացել էր, բուժքույր Սահականույշ Տոնոյանը նրանց տուն էր ուղարկել. - «Մոտիկացել են ընթացքում ինձ։ Ձերմաչափում եմ արել, ունեցել են 37.1, 39.1։ Երկու հոգու տուն եմ ուղարկել ջերմաչափումից հետո։ Երկու աշակերտի էլ խորհուրդներ եմ տվել, առայժմ դասի են նստած, չեն գնացել տուն, որովհետև իրանք բարձր ջերմություն չունեն, գլխացավերով էին»։

Այս դպրոցում այսօր ամեն դասարանից բացակայում էր 5-6 աշակերտ։ Բուժքույրն ասում է՝ վաղը հստակ կիմանան, թե նրանցից քանիսն են հիվանդ։ Ուսուցիչների շրջանում վարակվածներ առայժմ չկան։

«Կարգը էս ձև է. եթե էսօր բացակա է աշակերտը, նորից նույն աշակերտը վաղը բացակայություն ունեցավ, էդ ժամանակ նոր դասղեկի հետ ծնողի հետ ենք կապվում՝ պարզելով, թե ինչի է բացակայել երեկ և այսօր», - ասում է Տոնոյանը։

Վարակի H1N1 տեսակից՝ «խոզի գրիպից» Հայաստանում 35 տարեկան երկու քաղաքացի է մահացել, հիվանդանոցները ծանրաբեռնված են աշխատում։

Մուրացան համալսարանական հիվանդանոցն օրինակ նախորդ շաբաթվա ընթացքում ավելի քան 1100 բուժառու է ընդունել։ Միայն երեկ հոսպիտալացվել է 18 երեխա։

Առողջապահության նախարարությունից H1N1-ով վարակվածների հստակ թիվ չտրամադրեցին։ Բժիշկները շեշտում են՝ իրավիճակը կթեթևացնի գրիպի դեմ պատվաստումը։ Պատվաստանյութերը հասանելի են պոլիկլինիկաներում, պատվաստվելու լավագույն ժամանակ հոկտեմբերն է։ Կանխարգելիչ միջոցները նույնն են, ինչ քովիդի դեպքում. պետք է հաճախակի լվացվել, ախտահանել ձեռքերը, հնարավորինս խուսափել մարդաշատ վայրերից ու վարակակիրների հետ շփումներից, դիմակ կրել։

XS
SM
MD
LG