Մատչելիության հղումներ

Հայաստանում վերջին երկու օրերին «խոզի գրիպից» երկու մարդ է մահացել


Հայաստանում վերջին երկու օրերին «խոզի գրիպից» երկու մարդ է մահացել, երկուսն էլ 35 տարեկան, նրանցից մեկն ունեցել է ուղեկցող հիվանդություն, այսօր հայտարարեց Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռոմելլա Աբովյանը։

«Ունենք դեպքեր, երբ բավականին ծանր կլինիկական ախտանշաններով և ընթացքով դիմում են բժշկական օգնության և սպասարկման։ Ցավոք, պետք է ասեմ, որ մենք արդեն ունենք երկու մահվան դեպք պայմանավորված H1N1-ով», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Աբովյանը։

Բժիշկը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել՝ ընդգծելով, որ սուր շնչառական հիվանդությունների ու գրիպի դեպքերը գնալով աճում են, հիվանդանոցները ծանրաբեռնված են։

Մուրացան մանկական հիվանդանոցը շաբաթներ շարունակ ծանրաբեռնված է աշխատում։ Այս պահին հոսպիտալացված 180 երեխա կա։ Միայն անցած շաբաթ այս հիվանդանոցում 700-ից ավելի երեխա է բուժում ստացել։

Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանն ասում է, որ գրիպի դեմ պատվաստումը կթեթևացնի իրավիճակը, նաև, ըստ նրա, հակահամաճարակաբանական պարզ կանոնները պետք է պահպանել. - «Խոսում ենք պարզ բաների մասին։ Ասենք, հիվանդ լինելու ժամանակ մնալ տանը, հիվանդ երեխային մանկապարտեզ չտանել։ Եթե անգամ չենք կարա խուսափենք աշխատանքի գնալուց, ուրեմն կրենք դիմակ։ Այսպիսի պարզ բաներով իհարկե կարող ենք ավելի կառավարելի դարձրել»։

Երեկվա դրությամբ Հայաստանում թոքաբորբով 200-ից ավելի հոսպիտալացված մարդ կա, 60 տոկոսը անչափահասներ են։ 55 մարդ էլ վերակենդանացման բաժանմունքներում են՝ ճնշող մեծամասնությունը կրկին մինչև 18 տարեկան։

Մասնագետները նշում են, որ ի տարերություն եվրոպական երկրների, Հայաստանում ու Ռուսաստանում հիմնականում գրիպի H1N1-ն է առավել ակտիվ շրջանառվում, դրան էլ գումարվում են սուր շնչառական մյուս վիրուսներն ու քովիդը, և խիստ խոցելի են դառնում՝ երեխաները, տարեցներն ու հղիները։ Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանն իր աշխատանքային 30 տարիների ընթացքում առաջին անգամ է գրեթե ամեն երկրորդ երեխայի մոտ արձանագրում ականջի բորբոքում։ Սա, ըստ նրա, վիրուսներից հետո առաջացած բարդություն է. - «Գործունեության ընթացքում երբևիցե չենք տեսել այսքան ականջաբորբերի դեպքերի քանակ, գրեթե յուրաքանչյուր երկրորդը կամ առնվազն երեսուն տոկոսը ունեն ականջաբորբ, որը փոխում է կլինիկական պատկերը, ավելի երկարացնում է հիվանդությունը, բարդացնում է։ Ամբողջ աշխարհում է նման իրավիճակը, որը պայմանավորված է, մասամբ իհարկե, այն հանգամանքով, որ ունեցել ենք քովիդ և քովիդային սահմանափակումներ, և համաճարակաբանական շղթան երեխաների հիվանդության բավականին խախտվել է»։

Դավիթ Մելիք-Նուբարյանը նույնպես խորհուրդ է տալիս ծնողներին միանգամից հիվանդանոց չդիմել, նախ գնալ պոլիկլինիկա։ Բայց ընդունում է, որ մարդիկ հաճախ պոլիկլինիկայի բժիշկներին չեն վստահում, կամ տեխնիկական հագեցվածության խնդիր են տեսնում։ Իսկ հիվանդությունների թվի աճը, ըստ նրա, հիմնականում կազմակերպչական խնդիրներով է պայմանավորված։

Առաջարկ ունեն. - «Ընտանեկան բժիշկը, որ գյուղում ա, ինքը պետք ա իմանա, որ իր մոտակա քաղաքում մանկաբույժների թիմին ինքը կարա տեսակապով դիմի։ Այդ թիմն էլ պետք ա իմանա, որ Երևանի հիվանդանոցներից մեկում էլ կա մեկ այլ թիմ, որը իրենց կօգնի։ Այսինքն՝ պետք է համակարգային կապ ստեղծենք, որ մարդն էլ իմանա, որ իրանով ոչ թե զբաղվում ա իրա միակ ընտանեկան բժիշկը, այլ մի մեծ թիմ»։

Հայաստանում այս պահին քովիդի պատվաստանյութերից բացի, կա նաև գրիպի պատվաստանյութ։ Չնայած, ըստ մասնագետների, գրիպի դեմ պատվաստվողները շատացել են, այդուհանդերձ, ըստ Առողջապահության նախարարության ներկայացուցչի՝ պետք է պատվաստվել ամեն տարի հոկտեմբերին, վիրուսի սեզոնից առաջ. - «Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն պասվաստանյութերը, որ ներկա պահին կիրառվում են, այն շտամերն են, որ իսկապես հիմա շրջանառում են»։

Համաճարակաբաններն ու վարակաբաններն ասում են, որ քովիդն ու H1N1-ը հիմնականում նույն աշխատնշաններն ունեն։ Պարզելու համար հարկավոր է թեստ հանձնել ու բժշկի հսյողության տակ լինել, հակառակ դեպքում կարող են լինել բարդացումներ՝ թոքաբորբ, բրոնխիտ և նույնիսկ մահ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG