Հաագայում տեղակայված ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հունվարի 30-ին և 31-ին կանդրադառնա Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած հայցերին:
Լսումները տեղի կունենան «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի կիրառման շրջանակներում:
Հունվարի 30-ին նախատեսված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» նիստում քննարկվելու է Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և դրա ապահովման համար միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի հայցը:
Հայկական կողմը պահանջում է ապահովել միջանցքով երկու ուղղություններով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել անցումը, որը ներկայումս անհնարին է «էկոակտիվիստներ» ներկայացող անձանց կողմից կազմակերպված բողոքի ակցիաների հետևանքով:
Հունվարի 31-ին նախատեսված «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» նիստում քննարկվելու է «ադրբեջանական տարածքների ականապատման» հարցը:
Ադրբեջանը պահանջում է միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանից պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: