Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանն ու Գևորգ Կոստանյանը հաշտության համաձայնություն գալու իրավունքից չեն օգտվում


Նախկին գլխավոր դատախազն ու Երևանի նախկին քաղաքապետը ևս դատարանում պետք է ապացուցեն, որ իրենց գույքն օրինական է, հակառակ դեպքում այն կփոխանցվի պետությանը։

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դեռևս դիրքորոշում չի ներկայացրել, նրա փաստաբանն էլ «Ազատությանը» փոխանցեց՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո միայն կխոսի։

45-ամյա Գևորգ Կոստանյանի գործն ուսումնասիրած դատախազ Նելլի Տեր-Թորոսյանի խոսքով՝ Կոստանյանի բացատրությունները հիմնավոր չեն համարում. «Գևորգ Կոստանյանի և նրա ներկայացուցչի կողմից դիրքորոշում չի ներկայացվել, իսկ փոխկապակցված երկու անձանց կողմից ներկայացված դիրքորոշման բովանդակությունը կազմող տվյալներն արժանահավատ չեն գնահատվել ուսումնասիրության մինչդատական փուլում՝ վարույթի մինչդատական փուլում: Որոշակի փաստաթղթեր, հիմնավորումներ են ներկայացվել, որոնք արժանահավատ չեն գնահատվել իրավասու մարմնի կողմից»:

Եթե նախկին բարձրաստիճան պաշտոնյան համոզիչ ապացույցներ չներկայացնի դատարանում, ապա պետությանը կարող են անցնել ավելի քան 900 հազար դոլար արժողությամբ Երևանի, Ծաղկաձորի և Ջրվեժի նրա տները, ինչպես նաև ավելի քան 1 միլիոն դոլար։

«Պարզաբանվել է հաշտության համաձայնություն գալու իրավունքը կողմին, բայց այս պահի դրությամբ այդպիսի ցանկությամբ դեռևս հանդես չեն եկել», - նշեց դատախազը:

Իսկ ահա Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա փաստաբանը որոշ փաստաթղթեր են ներկայացրել, որոնց մի մասը իրավապահները արժանահավատ են համարել։

«Բայց եղել են նաև տվյալներ, որոնք արժանահավատ չեն դիտարկվել իրավասու մարմնի կողմից, և դրանց հիման վրա որևէ փոփոխություն չի իրականացվել մեր ուսումնասիրության մեջ», - ասաց նախկին քաղաքապետի գործն ուսումնասիրած դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը՝ հավելելով՝ Մարգարյանները դատախազության հետ հաշտության չեն եկել, հակառակ դեպքում կհամաձայնեին՝ կասկածելի ծագում ունեցող գույքի և եկամուտների 75 տոկոսը թողնելով պետությանը։ Օրենքը նման հնարավորություն է տալիս։

«Կոնկրետ պարագայում որևէ գործնական քայլ չի ձեռնարկվել ուսումնասիրվող անձի ներկայացուցչի կողմից հաշտության գալու կապակցությամբ, և հենց դա է նաև եղել պատճառներից մեկը, որ հայցադիմումը ներկայացվել է դատարան, այսինքն՝ այս փուլում մենք որևէ հաշտության բանակցություններ չունենք ուսումնասիրվող անձի հետ», - նշեց նա:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամը Երևանը ղեկավարել է 7 տարի։ Այժմ ընդդիմադիր պատգամավոր Մարգարյանը դատարանում պետք է ապացուցի, որ Երևանում գտնվող 6 վեց տները, հասարակական նշանակության տարածքը, Ջերմուկի ամառանոցը, երկու տրանսպորտային միջոցը ձեռք է բերել օրինական եկամուտներով։ Դրանց ընդհանուր արժեքը 3 միլիոն 700 հազար դոլար է։

«Ընդհանուր 854 միլիոն է կոնկրետ այս գործով ապօրինի եկամտի մնացորդը և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի հանրագումարը: Սա, կարելի է ասել, մեր դրամական պահանջն է այս հայցով, այսինքն՝ մեր մնացած պահանջները վերաբերում են գույքերին, իսկ սա հենց բուն դրամական պահանջն է», - հայտնեց դատախազը:

Մարգարյանի փաստաբանն ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր՝ նախկին քաղաքապետն անօրինական ճանապարհով ձեռքբերված գույք ու եկամուտներ չունի՝ չպարզաբանելով, թե այդ դեպքում որտեղից նրան նշված ունեցվածքը։

Դատախազության տվյալներով՝ 2020-ից մինչև 2022 թվականը կատարել է 356 ուսումնասիրություն, 67 գործերով գույքերն ու եկամուտները արգելանքի տակ են դրվել։ Դատարանում քննվող 21 դիմումներով դատախազությունը պահանջում է պետությանը փոխանցել ավելի քան 100 միլիարդ դրամ։ Այս գործերով դեռևս ուժի մեջ մտած վճիռ չկա՝ որևէ նախկին բարձրաստիճան պաշտոնյա այդ գույքն ու փողերը պետությանի չի փոխանցել։ Տարոն Մարգարյանից ու Գևորգ Կոստանյանից բացի, իրենց ունեցվածքի օրինականությունը դատարանում պետք է ապացուցեն նաև մոտ երկու տասնյակ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց թվում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և այլք։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG