Մատչելիության հղումներ

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Տարոն Մարգարյանին


Հրաժարականից գրեթե երեք տարի անց մեղադրանք է առաջադրվել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Մարգարյանի նկատմամբ Քննչական կոմիտեն խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։

Նախկին քաղաքապետը չի ընդունում մեղադրանքը, «Ազատության»-ը հայտնեց նրա պաշտպան Բենիկ Գալստանը։ Վերջինս քրեական գործը զավեշտալի է համարում, իսկ իր պաշտպանյալն, ասում է՝ հումորով է վերաբերվում դրան։

«Չի հասկանում, թե ինչի մեջ են մեղադրում իրեն՝ մեկ, որևէ հանցավոր արարք չի կատարել՝ երկուս, երրորդ՝ մենք պահանջել ենք որոշակիացնել մեղադրանքը, պարզաբանել դրա էությունը», - ասաց Գալստյանը։

Նախկին քաղաքապետը, ըստ Քննչական կոմիտեի, նպատակ ունենալով Երևանում որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց:

Վերջինիս հանձնարարությամբ՝ 2011, 2012, 2014 թվականներին մի քանի դպրոցների հողատարածքներն անհիմն նվազեցվել են, իսկ քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքենրով շուկայականից ցածր արժեքներով օտարվել մի դեպքում Մարգարյանի սանիկին ու տվյալ դպրոցի տնօրենի ամուսնուն, իսկ մեկ այլ դեպքում էլ Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ դպրոցի տնօրենի հորը։

Քննչական կոմիտեն առանց թիվ նշելու հայտնում է՝ պետությանը պատճառելվել է էական վնաս:

Պաշտպանն ասում է՝ Տարոն Մարգարյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, մինչ նախաքննական մարմինն իրենց կփոխանցի քրեական գործում ընդգրկված փաստաթղթերը։

«Միջնորդեցինք, որ էս փաստաթղթերը, որոնց վրա հղում է կատարում հարգելի քննիչը, ինչ-որ ձևաչափով մեզ ներկայացնի ծանոթացման, որ երբ որ Տարոն Մարգարյանը ցուցմունք տա, ցուցմունքը չլինի ձևական, այլ լինի կոնկրետ որոշակի ցուցմունք, կոնկրետ որոշակի հանգամանքի վերաբերյալ, որ մարդը բացատրի՝ էս ակտը էս հիմքով ա երևի կազմված, կամ էս հիմքով կազմված չի, կամ չգիտեմ էս ակտն ինչ է կազմված, կամ ասի՝ ես էս ակտի հետ ի՞նչ գործ ունեմ որպես պաշտոնատար անձ», - ասաց Տարոն Մարգարյանի պաշտպանը։

Բենիկ Գալստյանը կասկածներ ունի, թե քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի, մասնավորապես ի՞նչն է նման կասկածի առիթ տվել, պաշտպանը հստակ չի մանսրամասնում, նաև ձեռնպահ է մնում հայտնել այդ հարցի վերաբերյալ նախկին քաղաքապետի դիրքորոշումը։

Նույն գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել նաև Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և քաղաքպետարանի երկու այլ նախկին պաշտոնյայի։ Նախաքննական մարմինը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը գրավով փոխարինելու մասին:

XS
SM
MD
LG