Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հայտարարում է Սոլեդարը գրավելու մասին, Կիևը չի հաստատում


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարեց, որ երեկ երեկոյան ռուսական ուժերը ամբողջությամբ գրավել են Սոլիդար քաղաքը։ Եթե այդ տեղեկությունը հաստատվի, դա կդառնա առաջին քաղաքը, որ ռուսների վերահսկողության տակ է անցել ճակատում երկար ամիսների ձախողումներից հետո։

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ոչ մի հիշատակում չկա քաղաքի գրավմանը Վագներ ռազմական ընկերության ստորաբաժանումների մասնակցության մասին։ Մինչդեռ այս կազմավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը օրեր առաջ պնդում էր, որ Սոլեդարի համար մղվող մարտերին մասնակցել են միայն Վագների վարձկանները և քաղաքը գրավվել է դեռևս հունվարի 11-ին։

Կիևը դեռ չի հաստատում քաղաքը կորցնելու մասին լուրերը: Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը առավոտյան ասել էր, թե մարտերը քաղաքի համար շարունակվում են. - «Գիշերը Սոլեդարում թեժ է եղել, մարտերը շարունակվել են։ Հակառակորդը գրեթե բոլոր հիմնական ուժերը նետել է Դոնեցկի ուղղությամբ և պահպանում է հարձակման բարձր ինտենսիվությունը»։

Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը նույնպես գիշերը կրկին պնդել է, թե Սոլիդարի համար մարտերը շարունակվում են. - «Մենք շարունակում ենք տեսնել ինտենսիվ և ծանր մարտեր Սոլեդարի և Բախմուտի շուրջ, որոնք, իհարկե, համեմատաբար մոտ են: Մենք չենք կարող հաստատել որևէ տեղեկություն, որ Սոլեդարը գրավվել է ռուսական ուժերի կողմից։ Ուկրաինացիները շարունակում են գործել Սոլեդարի մերձակայքում և շարունակում են հակահարված տալ»:

Սոլեդարը տասը կիլոմետր է հեռու ռազմավարական նշանակություն ունեցող Բախմուտից, որը ռուսները փորձում են գրավել օգոստոսից։ Վագները այսօր հայատարել է, թե Բախմուտի, կամ ինչպես ռուսներն են կոչում այս քաղաքը՝ Արտյոմովսկի համար կրկին միայն իր ստորաբաժանումներն են պատերազմում, ինչես օրեր առաջ հայտարարել էր Սոլեդարի մասին։

Այսօր Պրիգոժինի մամուլի ծառայությունը հրապարակել է Վագների ղեկավարներից մեկը համարվող Անդրեյ Տրոշևի մեկնաբանությունը, որում նշված է․ - «Ներկայումս Արտյոմովսկի օպերատիվ շրջափակման մասին խոսք չկա։ Երբ քաղաքը շրջապատենք, մենք ձեզ կտեղեկացնենք։
Քաղաքի տարածքում բացի Վագներից ոչ ոք չկա»։

Ավելի վաղ այսօր այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչներն էին հայտարարել, թե ռուսական ուժերը շրջապատել են Բախմուտ քաղաքը։

Ալեքսեյ Ռեզնիկով
Ալեքսեյ Ռեզնիկով

Ու մինչ ռուսները երկար ամիսների ձախողումներից հետո հաջողություն են արձանագորւմ ճակատում, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան արդեն դե ֆակտո դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ. - «Ուկրաինան՝ որպես երկիր, և Ուկրաինայի զինված ուժերը դարձել են ՆԱՏՕ-ի անդամ։ Դե ֆակտո, բայց ոչ դե յուրե։ Որովհետև մենք ունենք զենք և հասկանում ենք, թե ինչպես օգտագործել դրանք: Վստահ եմ, որ մոտ ապագայում մենք դե յուրե կդառնանք ՆԱՏՕ-ի անդամ»

Ռեզնիկովը չհամաձայնեց այն ենթադրությանը, որ իր հայտարարությունը դժգոհություն կառաջացնի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ՆԱՏՕ-ի երկրներում, որոնք փետրվարի 24-ից ի վեր անդադար շեշտում են, որ դաշինքը ռուս-ուկրաինական հակամարտության կողմ չէ։ «Սա ճշմարտություն է, սա փաստ է»,- ասել է նա։

Ռեզնիկովը նաև վստահություն է հայտնել, որ Ուկրաինան տանկեր, մարտական ինքնաթիռներ և հեռահար հրթիռների կայաններ կստանա Արևմուտքից, քանի որ արևմտյան երկրները սկսել են փոխել իրենց վերաբերմունքը Ուկրաինայի Զինված ուժերին զենք մատակարարելու հարցում։

Տասը ամսից ավելի տևով պատերազմը նոր թափ է առնում, իսկ կողմերը շարունակում են պնդել, թե բանակցությւոններն այսօր հնարավոր չեն։ Կիևը ասում է, թե ռուսները պետք է դուրս գան Ուկրաինայի տարածքից, այդ թվում Ղրիմից, ինչից հետո կբանակցեն, իսկ ռուսներն ասում են, թե բանակցություններ կսկսեն Կիևի հետ, եթե վերջինս ընդունի, որ գրավված տարածքները մնալու են Ռուսաստանի կազմում։

Մինչ այդ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ Համաշխարհային «խաղաղության գագաթնաժողովը», որն առաջարկել էր անցկացնել Կիևը, տեղի կունենա փետրվարի 24-ին՝ պատերազմի մեկնարկի տարելիցին։ Ըստ Բոդնարի, գագաթնաժողովը կանցկացվի Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում։

XS
SM
MD
LG