Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը «Ռոսիա-1» հեռուստաընկերության հարցազրույցում պնդել է, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են, որ դուրս է եկել Կիևի մկրտության ավազանից, բայց արդեն շատ մեծ ժողովուրդ են՝ Սպիտակ ծովից մինչև Սև ծով։ Նրա խոսքով՝ այդ մեծությունը հարևանների մոտ միշտ վախ, նախանձ է առաջացրել, դեռ հին ժամանակներից արտաքին ուժերը ձգտել են բաժանել այդ ժողովուրդը, մի մասին հանել մյուսի դեմ։
Պատրիարքն ասել է, որ այսօր Ուկրաինայում ամեն ինչ արվում է, որպեսզի ուկրաինացիները Ռուսաստանին թշնամի համարեն, իսկ ռուսներին՝ ուրիշ ժողովուրդ, բայց եկեղեցին պետք է ամեն ինչ անի, որ ոչ մի դեպքում ուկրաինացիներն ու ռուսները թշնամի չդառնան։
Նախկինում Վլադիմիր Պուտինը ևս ասել էր, որ ռուսներն ու ուկրաինացիները նույն ժողովուրդն են՝ արժանանալով ուկրաինական կողմի քննադատությանը։