Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Վլադիմիր Պուտինի` Ուկրաինայի և ուկրաինացիների մասին մի քանի արտահայտություններին, որ Ռուսաստանի նախագահն արել էր երկրի բնակիչների հետ ուղիղ կապով ամենամյա հարց-պատասխանի ժամանակ։
Զելենսկին ասել է, թե ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովուրդ չեն, ինչը պնդել էր Պուտինը։
«Չնայած նրանք պատմական ընդհանուր հատվածներ ունեն, հիշողություն, հարևանություն, ազգականներ, ֆաշիզի դեմ ընդհանուր հաղթանակ և ընդհանուր ողբերգություններ, բայց մենք, ևս մեկ անգամ կրկնում եմ, մեկ ժողովուրդ չենք։ Եթե մեկ ժողովուրդ լինեինք, ապա Մոսկվայում Պետդումայի շենքի վրա կծածանվեր դեղնա-երկնագույն դրոշը», - ասել է Զելենսկին՝ նկատի ունենալով Ուկրաինայի պետական դրոշը, և մեկ ժողովուրդ լինելու մասին ևս մեկ նկատառում ներկայացրել․ «Հնարավոր չէ միաժամանակ խոսել մեկ ժողովրդի մասին և բացեիբաց գրավել մեր տարածքներն ու շարունակել սպանդը Դոնբասում»։
Հունիսի 30-ին անցկացված ուղիղ կապի ընթացքում Պուտինը նաև ասել էր, թե Ուկրաիանայի նախագահի հետ հանդիպելու իմաստը չի տեսնում, քանի որ Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող առանցքային հարցերը լուծվում են Վաշինգտոնում, մասամբ Բեռլինում և Փարիզում։
Զելենսկու խոսքերով՝ հասկանալի է, որ արտաքին կառավարման թեզերը պարզ քարոզչական մանտրա է Ռուսաստանում ներքին օգտագործման համար։ Նա ասել է, որ Ուկրաինաին վերաբերող բոլոր հարցերը բացառապես լուծվում են Ուկրաինայում և Ուկրաինայի պետության կողմից, այլ ոչ թե հարևան երկրում և հաստատ ոչ ստվերային միջնորդների կողմից, որոնք հիմա տնային կալանքի տակ են, կամ գտնվում են հետախուզման մեջ։
Զելենսկիի ակնարկը ենթադրաբար վերաբերում է ուկրաինացի ռուսամետ գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին։ Պետական դավաճանության և ազգային հարստության յուրացման մեջ մեղադրվող Մեդվեդչուկը Ռուսաստանի նախագահի հետ անձնական սերտ կապեր ունի, նրա դստեր կնքահայրը Վլադիմիր Պուտինն է։
Ուկրաինայի արտաքին կառավարման մասին Պուտինի պնդումներին ի պատասխան Զելենսկին հայտարարել է. «Դա նույնն է, եթե ես, օրինակ, ասեի՝ իսկ ռուսաստանցիներին ինչո՞ւ են պետք ընտրությունները, եթե ամեն ինչ որոշվում է բացառապես Կրեմլում»։
Ամեն դեպքում, Զելենսկին ասել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինին, «եթե Ռուսաստանի նախագահին իսկապես հետաքրքրում է մի շարք ճգնաժամային հարցերի լուծումը, որոնք օբյեկտիվորեն առկա են Ուկրաինայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում»։