ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տունը երեք օր շարունակ չի կարողանում խոսնակ ընտրել։ Նման իրավիճակ Ամերիկայի քաղաքացիական պատերազմից հետո չէր եղել։
Հունվարի 3-ից սկսած 11 անգամ քվեարկություն է անցկացվել, բայց մեծամասնության՝ հանրապետականների թեկնածու Քևին ՄըքՔարթին խոսնակ ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ չի ստանում։ Հինգշաբթի երեկոյան դարձյալ ընդմիջում հայտարարվեց, խոսնակի ընտրությունը կշարունակվի ուրբաթ օրը, տեղական ժամանակով կեսօրից հետո։
Անցած նոյեմբերին կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում հանրապետականները 435 տեղանոց Ներկայացուցիչների տանը մեծամասնություն ունեն` 222 մանդատ, ինչը լիովին բավարար է խոսնակ ընտրելու համար, դրա համար անհրաժեշտ է 218 ձայն: Սակայն հանրապետականների խմբակցության ղեկավար Քևին ՄըքՔարթիի դեմ ըմբոստացել են հենց իր՝ Հանրապետական կուսակցության երկու տասնյակ կոնգրեսականներ, որոնք նրան դեմ են քվեարկում։
Ավելի կոշտ գծի կողմնակից հանրապետականների այդ խումբը հայտարարում է, թե չի վստահում ՄըքՔարթիին դեմոկրատների դեմ պայքարում, պնդելով, թե նա չի ցանկանում պետական ծախսերի կտրուկ սահմանափակումներ մտցնել, որը իրենք ձգտում են կիրառել դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի ու դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Սենատի հանդեպ։ Արմատական դեմոկրատները մինչև քվեարկությունների մեկնարկը ՄըքՔարթիի հետ հանդիպմանը ներկայացրել էին իրենց պահանջները, որը թեկնածուն մերժել էր ու զրկվել նրանց աջակցությունից:
Ներկայացուցիչների տան խոսնակը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի երկրորդ թեկնածուն է փոխնախագահից հետո: Խոսնակն է ձևավորում Կոնգրեսի օրակարգը, կարող է խոչընդոտել Բայդենի օրենսդրական ծրագրեին, հետաքննություններ նախաձեռնել Բայդենի ընտանիքի կամ վարչակազմի անդամների հանդեպ՝ 2024 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին։
ՄըքՔարթիի կողմնակիցները դեռ հույս ունեն, որ կարող են համաձայնության հասնել արմատական կուսակիցների հետ։ Ներկայացուցիչների տան հանձնաժողովներից մեկի ղեկավարի պաշտոնին հավակնող հանրապետական Պատրիկ ՄըքՀենրին ասել է, որ լավատեսորեն է տրամադրված, ընտրության համար ժամանակային սահմանափակումներ չունեն։ ՄըքՔարթիի մեկ այլ կողմնակից Թեյլոր Գրինն ասել է, թե կարծում է՝ որոշ դրական տեղաշարժի ականատեսը կլինեն։
Հանրապետականների արմատական խմբից կոնգրեսական Մեթ Գեթցն ասել է, որ սա կավարտվի երկու տարբերակներից որևէ մեկով՝ կա՛մ Քևինը ինքնաբացարկ կհայտնի, կա՛մ նրա համար զսպաշապիկ կստեղծեն։ Ֆլորիդայից ընտրված կոնգրեսական Գեթցը նույնիսկ առաջադրեց նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը Ներկայացուցիչների տան խոսնակի պաշտոնի համար։ Սիմվոլիկ այս առաջարկով նա նշեց տնտեսական այն հաջողությունները, որը նրա կարծիքով ձեռք էր բերել Ամերիկան Թրամփի նախագահության ժամանակ։
«Ռոյթերսը», վկայակոչելով երեկ ուշ երեկոյան շարունակված կուլիսային բանակցություններից տեղյակ աղբյուրներին, հաղորդում է, որ ՄըքՔարթին իր դեմ դուրս եկած հանրապետականներին խոստացել է ազդեցություն տալ՝ որոշելու, թե ինչ օրինագծեր դրվեն քվեարկության, խոստացել է, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է իրեն անվստահություն հայտնելու հարցը քվեարկության դնել։ Այս զիջումները հնարավոր է նրան ձայներ բերեն արմատականների խմբից, բայց ընտրվելու դեպքում Քևին ՄըքՔարթին ավելի խոցելի կլինի հանրապետականների կոշտ գծի ներկայացուցիչների կողմից առնվազն առաջիկա երկու տարիների ընթացքում, մինչև հաջորդ ընտրությունները: Իսկ քանի դեռ խոսնակ չի ընտրվել Ներկայացուցիչների տունը չի կարողանում սկսել աշխատանքը։