ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Ներկայացուցիչների տանը մեծամասնություն կազմած հանրապետականները առաջին օրը չկարողացան խոսնակ ընտրել: 100 տարվա մեջ, սա առաջին նման դեպքն է:
Երեքշաբթի օրը Հանրապետական մեծամասնության կողմից թեկնածու առաջադրվեց կալիֆորնիան ներկայացնող 57-ամյա կոնգրեսական Քևին ՄըքՔարթին: Նա հանրապետականների խմբակցության ղեկավարն էր, և հիմա նրա թեկնածությունը առաջադրվեց որպես Ներկայացուցիչների տան նախագահ:
Դեմոկրատները առաջադրեցին իրենց խմբակցության նոր ղեկավար, Նյու Յորքից կոնգրեսական Հաքիմ Ջեֆրիսի թեկնածությունը: Խմբակցության ղեկավարի պաշտոնում նա առաջին սևամորթ կոնգրեսականն է:
Քվեարկության երեք փուլերում թեկնածուներից ոչ մեկը անհրաժեշտ քանակի ձայներ չստացան: Հանրապետական մեծամասնության ղեկավար ՄըքՔարթին երրորդ քվեարկությունում 202 ձայն ստացավ, իսկ փոքրամասնություն կազմող դեմոկրատների թեկնածու Ջեֆրիսը՝ 212 ձայն:
Դեմոկրատների դեպքում պարզ էր, որ փոքրամասնության թեկնածուն չի ընտրվի, իհարկե, եթե հանրապետականները չմիանան և ձայն չտան նրան, բայց բոլոր դեմոկրատները միահամուռ ձայն էին տվել իրենց թեկնածուին: Մեծամասնություն կազմող հանրապետականների դեպքում ակնհայտ է, որ նրանց մի մասն իրենց թեկնածուին ձայն չտվեց: Հանրապետականները Ներկայացուցիչների տանը ունեն 222 մանդատ, իսկ դեմոկրատները՝ 212:
«Ռոյթերզը» նշում է, որ նրանց պահպանողական թևը՝ կոշտ գծի պաշտպան համարվող երկու տասնյակ հանրապետականներ ՄըքՔարթիին չեն սատարում: Քվեարկությունից առաջ հանրապետական կոնգրեսական Մեթ Գետցն ասել էր, որ չեն աջակցի ՄըքՔարթիին. «Մենք Քևին ՄըքՔարթիին անցած երեկո պայմաններ ենք առաջարկել, նա չի ընդունել և դա ճիշտ է, որ մեզ համար դժվար է վստահել նրան»:
Քվեարկությունից հետո հանրապետականների թեկնածուն ասել, թե սա այն օրը չէ ինչ ցանկանում էր, «բայց եթե կարողանանք հարթել մեր տարաձայնությունները, մենք դրանից միայն կուժեղանանք, որպեսզի հնարավորություն ունենանք իրականացնելու մեր պլանները»:
ՄըքՔարթին նաև հայտնել է, որ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը զանգահարել է իրեն և հաստատել իր աջակցությունը: Քվեարկության երեք փուլերում ձախողվելուց հետո էլ նա ասել է, թե շարունակելու է մրցապայքարը, սակայն Ներկայացուցիչների տունը որոշեց հետաձգել հարցը մինչև չորեքշաբթի կեսօր: Սա հանրապետականներին հնարավորություն կտա դիտարկել այլ թեկնածու: