Բելառուսում սկսվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալես Բյալյացկու (նաև՝ Բելյացկի) դատավարությունը։
Հեղինակավոր իրավապաշտպանը ձերբակալվել էր անցած տարի և այժմ կարող է մինչև 12 տարվա ազատազրկման դատապարտվել՝ հասարակական կարգը խախտելու և ֆինանսական մեքենայությունների մեղադրանքներով։
Ամբաստանյալի աթոռին են նաև Բյալյացկու հիմնադրած «Վյասնա» («Վեսնա») իրավապաշտպան կազմակերպության փոխտնօրենն ու «Իրավապաշտպանները հանուն ազատ ընտրությունների» կազմակերպության ղեկավարը։
«Այդ մեղադրանքները շինծու են, դրանցով իշխանությունը փորձում է պատժել նրանց քաղաքական շարժառիթներով հետապնդվող մարդկանց պաշտպանելու համար», - հայտարարել է «Վյասնա» կազմակերպությունը։
60 -ամյա Բյալյացկին անցած տարի արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Բելառուսի բռնապետական կարգերի դեմ տևական պայքարի և իրավապաշտպան գործունեության համար։