Մատչելիության հղումներ

Ալես Բելյացկի. Ցանկացած տնտեսական բողոք քաղաքական ենթատեքստ ունի


Իրավապաշտպան Ալես Բելյացկի, արխիվ
Իրավապաշտպան Ալես Բելյացկի, արխիվ

Բելառուսցի իրավապաշտպանը ուշադրությամբ հետևում է Երևանում ծավալվող իրադարձություններին:

«Ցանկացած տնտեսական բողոք քաղաքական ենթատեքստ ունի», - պնդում է Բելառուսի ամենահայտնի իրավապաշտպաններից մեկը` Ալես Բելյացկին:

«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը տված հարցազրույցում իրավապաշտպանը նշում է, որ ուշադրությամբ հետևում է Երևանում ծավալվող իրադարձություններին:

«Կարելի է ենթադրել, որ Հայաստանում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել ոչ միայն զուտ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, այլև հայ հանրության շրջանում առկա ընդհանուր լարվածության, նախագահի գործունեությունից դժգոհության պատճառով», - ասում է Բելյացկին:

Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, բնորոշ է ողջ հետխորհրդային տարածքին: «Մեր երկրներում, որտեղ կայուն ժողովրդավարության պակաս է զգացվում, որտեղ ավտորիտար վարչակարգեր են` մի տեղ ավելի մեղմ, մի տեղ ավելի կոշտ, տնտեսական հարաբերությունները ուղղակիորեն կապակցված են կառավարության և ժողովրդի հարաբերություններին, մասնավորաբար՝ հանրության այն հատվածին, որ դժգոհ է կառավարության գործողություններից», - ասում է իրավապաշտպանը։

Անդրադառնալով ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների` երևանյան ակցիաների դեմ սանձազերծած հակաքարոզչությանը, բելառուսցի իրավապշտպանն այդ փաստը բացատրում է Մոսկվայում առկա վախերով:

«Ռուսաստանի իշխանությունները Հայաստանը դիտարկում են որպես իրենց ենթակա պետություն: Ակնհայտ է, որ թե՛ Ռուսաստանի, և թե՛ Հայաստանի իշխանությունների մոտ պարանոիդալ վախ կա քաղաքացիական ակտիվության դրսևորումների հանդեպ», - նշում է Ալես Բելյացկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG