Մատչելիության հղումներ

Վստահ եմ, որ այս ծանրագույն ճգնաժամն էլ ենք անցնելու պատվով. Արցախի նախագահ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ամանորյա ուղերձում վստահություն է հայտնել, որ այս ծանրագույն ճգնաժամն էլ է Արցախի ժողովուրդը անցնելու պատվով: Լաչինի միջանցքը փակ է դեկտեմբերի 12-ից, Արցախը՝ շրջափակման մեջ:

«Այս տոնական օրը ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ միմյանց սատարելու և առկա մարտահրավերներին արժանապատվորեն դիմագրավելու համար:

Ամանորի այս գիշերը մեր շատ ընտանիքներ կիսված են: Ուզում եմ ներողություն խնդրել հատկապես այն երեխաներից, ովքեր հեռու են գտնվում ծնողներից՝ Արցախի կյանքի ճանապարհը բացելու նպատակով մեր կողմից գործադրված ջանքերի դեռևս անարդյունավետության համար», - ասել է նա:

Արայիկ Հարությունյանը շեշտել է՝ «հայրենիքի այս գողտրիկ անկյունում ապրելով ու ծառացող դժվարությունները հերոսաբար հաղթահարելով» յուրաքանչյուրը յուրովի կարևոր առաքելություն է կատարում՝ հանուն հայ ժողովրդի լինելության և նրա ապագայի:

«Ուզում եմ նաև խորին երախտագիտություն հայտնել մեր քույրերին ու եղբայրներին Մայր Հայաստանում և Սփյուռքում, բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են, մեր կողքին, իրենց աջակցությունն ու զորակցությունն են ցուցաբերում Արցախին այս դժվարին օրերին», - ասել է Արցախի ղեկավարը:

XS
SM
MD
LG