Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիայի սակագները նույնը մնացին՝ չնայած դրամի արժևորմանը


Չնայած դոլարի համեմատ դրամի շարունակվող էական արժևորմանն ու կառավարությունից ավելի վաղ արված հայտարարությանը, թե սրա շնորհիվ կոմունալ ծառայությունները կարող են էժանանալ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է հոսանքի սակագներն անփոփոխ թողնել։

«Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ», - հայտարարել է կարգավորող հանձնաժողովը։

Հոսանքը վերջին անգամ թանկացավ այս տարվա փետրվարին՝ 1 կՎտ*ժ-ը միջինը 4.7 դրամով։

Սակագների ձևավորման հարցում մեծ դեր ունի դրամ-դոլար տարբերությունը։ Ամռանը, երբ դրամի արժևորումը դեռ այսքան մեծ չէր, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց՝ չի բացառում, որ սակագները նվազեն:

«Ինչ խոսք, սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և արժևորումը հայկական դրամի, բնականաբար, հաշվարկների մեջ պետք է մասնակից լինի: Այլ հարց է, թե ինչքանով է այս իրավիճակը դիսկրետ կամ ֆունդամենտալ երկարատև: Եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով», - ասել էր փոխվարչապետը:

Ավելի ուշ կարգավորող հանձնաժողովից հայտնեցին՝ իրենք սկսել են հոսանքի սակագների վերանայման, վերահաշվարկի ամենամյա գործընթացը։ Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ անցած ամիս ընդգծել էր՝ դրամի արժևորումը դրական ազդեցություն ունի այս հաշվարկում:

«Փոխարժեքը որ դրական ազդեցություն ունի, դա միանշանակ է։ Ի՞նչ չափով, ի՞նչ ծավալներով, կազդի՞ արդյոք վերջնական սպառողների վրա՝ երբ որ վերջնական բալանսն ունենանք, արդեն կհայտարարենք», - ասել էր Բաղրամյանը:

Կարգավորող հանձնաժողովը հրապարակել է նաև իր կատարած հաշվարկների մասին տեղականք։ Այն ներառում է սակագների ձևավորման գործոնները՝ փոխարժեքը, ներդրումների փոխհատուցումը, աշխատավարձերը և այլն։

Հոսանքը չէժանացնելու, սակագինը նույնը թողնելու որոշումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մանրամասն չի բացատրել, միայն նշել են, որ այդ եզրահանգմանը եկել են իրենց վերլուծության արդյունքում։

Գազի սակագների հաշվարկման մեջ նույնպես դրամ-դոլար տարբերությունը մեծ դեր ունի։ Թե հետագայում կքննարկվի արդյոք կապույտ վառելիքի հարցը՝ դեռ հայտնի չէ։

Նոյեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց հունվարի 1-ից ջուրը թանկացնել, տարբերությունը, սակայն, կառավարությունը խոստացել է փոխհատուցել։

XS
SM
MD
LG