Եվրամիության երկրներում ապաստան հայցողների թիվը 2022 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 50 տոկոսով։ Այս մասին ասել է Ապաստանի հարցերով եվրոպական գործակալության (EUAA) տնօրեն Նինա Գրեգորին։
Նրա խոսքով՝ 2022-ի առաջին տասն ամիսներին ԵՄ-ը ստացել է գրեթե 800 հազար դիմում, ինչը 54 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի։ Այս թիվը չի ներառում Ռուսաստանի ռազմական ներխուժման սկսվելուց հետո ԵՄ երկրներ տեղափոխված Ուկրաինայի քաղաքացիներին. նրանց տրվում է ոչ թե քաղաքական ապաստան, այլ՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, և նրանք ներառված չեն փախստականների վիճակագրության մեջ։ Նոյեմբերի վերջին ցուցակը ըստ դիմողների թվի շարունակում էին գլխավորել ապաստան հայցողները Սիրիայից, Աֆղանստանից և Թուրքիայից։
Գրեգորին չի հստակեցրել, թե այս տարի Ռուսաստանի քանի քաղաքացի է դիմել քաղաքական ապաստան ստանալու համար։ Եվրամիությունն ավելի վաղ հայտարարել էր հայրենիքում հալածվող ռուսաստանցիներին ոչ թե քաղաքական փախստականների, այլ այսպես կոչված հումանիտար վիզաների տրամադրման հնարավորության մասին։ Դրանց վերաբերյալ վիճակագրությունը կամփոփվի հաջորդ տարվա սկզբին։
Ապաստան հայցողների թիվն այս տարի ավելացել է, բայց դեռևս չի հասել 2015-2016 թվականների ցուցանիշներին, երբ ավելի քան 1,3 միլիոն մարդ էր ապաստան խնդրել ԵՄ-ից, որոնց մեծ մասը՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքներից փախուստի դիմածներ:
Գրեգորին ընդգծել է, որ ապաստան հայցողների թիվը տեսանելի ապագայում կշարունակի աճել։ «Անկայունությունը և սպառնալիքները մարդկանց անվտանգությանը աշխարհի առանձնահատկությունն են, որտեղ մենք ապրում ենք: Ցավոք, դրանք ժամանակավոր չեն», - ասել է նա: