Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության այսօր հրապարակված զեկույցը փաստում է, որ Թուրքիայի իշխանությունները կամայական ձերբակալում, բանտարկում և արտաքսում են հարյուրավոր սիրիացի փախստական տղամարդկանց և տղաների։
Հետազոտությունն անցկացվել է 2022-ի փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում, Թուրքիայով մեկ, այդ թվում՝ Ստամբուլում, Անկարայում ապաստանած սիրիացի փախստականների շրջանում։
Վտարված սիրիացիները իրավապաշտպան կազմակերպությանը պատմել են, որ իրենց ձերբակալել են տներում, աշխատանքի վայրում, փողոցում, բանտարկել են վատ պայմաններում, մեծ մասին ծեծի ու բռնության ենթարկել և ստիպել են ստորագրել Թուրքիայից կամավոր հեռանալու ձևաթղթերը։
Նրանց պատմելով իրենց ձեռնաշղթաներով տարել են Սիրիայի հյուսիսի հետ Թուրքիայի սահմանային անցակետեր ու նշանառության տակ ստիպել են անցնել սահմանը։ Հալեպից 26-ամյա մի երիտասարդի ասելով՝ թուրք պաշտոնյան սպառնացել է, որ վերադառնալու փորձի դեպքում կգնդակահարեն իրենց։
Հարցաքննվածները պատմել են, որ իրենց արտաքսել են տասնյակ, երբեմն հարյուրավոր մարդկանց հետ։ Սահմանային անցակետում թույլ չեն տվել ծանոթանալ ստորագրվող փաստաթղթերի տեքստին, նույնիսկ ձեռքի ափով ծածկել են արաբերեն պարբերությունները, կարծում են, դրանք Թուրքիայից կամավոր հեռանալու փաստաթղթեր էին։
Շատերը պատմել են, որ թուրք պաշտոնյաները ծեծի էին ենթարկում ստորագրելուց հրաժարվողներին կամ սպառնում էին հակառակ դեպքում բանտարկել մեկ տարով։
Անցած հունիսին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտնել էր, որ ավելի քան 15 հազար սիրիացի փախստական կամավոր վերադարձել է Սիրիա։
Վտարված փախստականների հետ դեմ առ դեմ զրույցներից բացի, իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցները նաև հեռախոսազրույցներ են ունեցել Թուրքիայում մնացած սիրիացի տասնյակ փախստականների, ինչպես նաև Թուրքիայից վտարված փախստականների հարազատների հետ։ HRW-ը հարցումները ու իրենց ուսումնասիրության արդյունքները նամակներով հղել են Եվրահանձնաժողովին, Եվրահանձնաժողովի միգրացիոն ու ներքին գործերի հարցերով տնօրինությանը, Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը։
Իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է հրավիրում, որ գերակշիռ մասը Թուրքիայում ժամանակավոր ապրելու և աշխատելու իրավունք է ունեցել, գրանցման վկայականներ և օրինական այլ փաստաթղթեր։
«Խախտելով միջազգային օրենքը՝ Թուրքիայի իշխանությունները հարյուրավոր սիրիացի փախստականներ են ձերբակալել, նույնիսկ ուղեկցողներ չունեցող երեխաների, և ստիպել նրանց վերադառնալ Սիրիայի հյուսիս։ Չնայած Թուրքիան ժամանակավորապես ընդունել էր 3,6 միլիոն սիրիացի փախստականների, հիմա, ինչպես երևում է, Թուրքիան փորձում է Սիրիայի հյուսիսը փախստականների անբարենպաստ վայր դարձնել»,- ասել է իրավապաշտպան կազմակերպության փախստականների և միգրանտների իրավունքների հետազոտող Նադիա Հարդմանը։
Թուրքիայի և այլ կառավարությունների վերջին ազդանշանները ցույց են տալիս, որ նրանք դիտարկում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունները։
Անցած մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ մտադիր է մեկ միլիոն սիրիացիների վերաբնակեցնել Սիրիայի հյուսիսում, տարածքներ, որոնք գտնվում են Սիրիայի կառավարության վերահսկողությունից դուրս։ Փախստականներին արտաքսելու գործողությունները կտրուկ հակասում են Թուրքիայի նախորդ քայլերին, որը սիրիացի ամենաշատ փախստական ընդունած երկիրն է, որի համար Եվրամիությունը միլիարդավոր դոլարներ է հատկացրել Անկարային՝ մարդասիրական աջակցության և միգրացիոն կառավարման համար։
Վերջին երկու տարում Թուրքիայում աճել է ռասիզմն ու անհանդուրժողականությունը օտարերկրացիների, մասնավորապես սիրիացի փախստականների նկատմամբ։ Իսկ 2023-ի գարնանը նախատեսված ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերը հանդես են գալիս հակամիգրացիոն կոչերով։
Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշված է, որ միջազգային օրենքին համաձայն Թուրքիան պարտավոր է պահպանել ընդունված սկզբունքները, որոնք արգելում են որևէ անձի արտաքսում այնպիսի վայր, որտեղ նա կարող է ենթարկվել հետապնդումների, խոշտանգումների, կամ այլ դաժան վերաբերմունքի ու կյանքը կորցնելու ռիսկերի։
Թուրքիայի միգրացիոն կառավարման նախագահության ղեկավար Սավաշ Ունլյուն հոկտեմբերի 21-ի պատասխան նամակով հերքել է Human Rights Watch -ի ուսումնասիրության եզրակացությունները և անհիմն համարել մեղադրանքները։ Նա նշել է, որ Թուրքիան աշխարհում ամենաշատ սիրիացի փախստական ընդունած երկիրն է ու պնդել է, որ Թուրքիան միգրացիոն կառավարումն իրականացնում է ազգային և միջազգային օրենքներին համապատասխան:
Human Rights Watch -ից Նադիա Հարդմանը հայտարարել է, որ Եվրամիությունը և անդամ երկրները պետք է ընդունեն, որ Թուրքիան չի համապատասխանում անվտանգ երրորդ երկրի չափանիշներին և պետք է կտրեն Թուրքիայի ֆինանսավորումը մինչև չդադարեցվեն սիրիացի փախստականների բռնի արտաքսումները։
«Թուրքիային անվտանգ երրորդ երկիր ճանաչելը անհամատեղելի է սիրիացի փախստականների զանգվածային վտարումների հետ», - հայտարարել է միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում։