Մատչելիության հղումներ

Պեսկովը չի բացառել այսօր Փաշինյան-Պուտին հանդիպումը


Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում, 9-ը դեկտեմբերի, 2022թ․
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում, 9-ը դեկտեմբերի, 2022թ․

Սանկտ Պետերբուրգում անցնող ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում այսօր Փաշինյան-Պուտին հանդիպումը չի բացառել Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Երեկ նա հայտարարել է, որ եռակողմ բանակցություններ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ նախատեսված չեն, բայց ոչ ֆորմալ գագաթնաժողովի ընթացքում, երկկողմ շփումներ, իհարկե, կլինեն:

Թեև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները նույն վայրում են, բայց բանակցություններ փաստորեն տեղի չունեցան:

Մի քանի օր առաջ էլ Հայաստաննի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր հրաժարվել Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպումից։ Հայկական կողմը հայտնեց, որ ուժերը կենտրոնացրել է Արցախի արդեն երկշաբաթյա շրջափակումը վերացնելու ուղղությամբ:

Ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, 12-ը դեկտեմբերի, 2022թ․
Ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, 12-ը դեկտեմբերի, 2022թ․

Երեկ երեկոյան, բացելով ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, ելույթ են ունեցել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՊՀ-ում 2022-ին նախագահող Ղազախստանի ղեկավարը:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԱՊՀ համագործակցության առանցքային ուղղությունը եվրասիական տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանումն է:

«Ցավոք սրտի, առաջին հերթին արտաքինից եկող մարտահրավերներն ու սպառնալիքները տարեցտարի միայն աճում են: Բայց նաև, ցավոք սրտի, ստիպված ենք ընդունել, որ ԱՊՀ անդամ որոշ պետությունների միջև ևս տարաձայնություններ են առաջ գալիս: Սակայն, կարևորն այն է, որ մենք պատրաստ ենք համագործակցել և համագործակցելու ենք, և անգամ, եթե որոշ խնդրահարույց հարցեր ծագում են, ապա ձգտում ենք ինքներս դրանք լուծել՝ միասին, փոխգործակցելով, և միմիյանց ցուցաբերելով ընկերական օգնություն և միջնորդական օժանդակություն», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Տարաձայնություններ ունեցող պետությունների անունները Պուտինը չի տվել, փոխարենը խոսել է 2023 թվականը ռուսական լեզվի տարի հռչակելու մասին, հայտարարելով, որ ԱՊՀ երկրների ժողովուրդներին շատ բան է միավորում՝ ընդհանուր պատմությունը, հոգևոր արմատներն ու ավանդույթները, «և իհարկե ռուսերենը, որ մեր բազմազգ պետությունները միավորող հզոր ուժ է»։

Շնորհակալություն հայտնելով երկրներին, որ աջակցել են 2023 թվականը ռուսերենի տարի հռչակելու ավելի վաղ կայացրած որոշմանը՝ Պուտինը նշել է, որ միջոցառումների լայնածավալ ծրագիր է մշակված, որ ուղղված է ռուսերենի կարգավիճակի պահպանմանը, ամրապնդմանն ու բարձրացմանը՝ որպես միջազգային շփման լեզու։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG