Նախքան ԵԱՀԿ նախարարական գագաթաժողովի մեկնարկը Հայաստանի, Ավստրիայի, Թուրքիայի, Ադրբեջանի արտգործնախարարներն ու ԵՄ բարձր հանձնակատարը քաղաքավարական կարճ զրույց են ունեցել, հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով՝ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են։
ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը ֆեսյբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ շեշտելով՝ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ-որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։
Ադրբեջանական լրատվամիջոցներից մասնավորապես APA գործակալությունը գրել է, որ Լոձում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ոտքի վրա կարճ եռակողմ զրույց է ունեցել Մևլութ Չավուշօղլուի և Արարատ Միրզոյանի հետ։
APA-ն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակում, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կհանդիպի Միրզոյանի և Բայրամովի հետ։ Թե ինչ ձևաչափով, չէր հստակեցվում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստի շրջանակում Միրզոյան-Բայրամով հանդիպում ծրագրված չէ։