Մատչելիության հղումներ

«Հատուկ օրեր են կրակում». Կուտականի բնակիչ


Անցած գիշերը դարձյալ հրադադարի խախտում է գրանցվել։

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ կեսգիշերն անց ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի, այլ մանրամասներ ռազմական գերատեսչությունը չի հայտնում՝ հավելելով միայն, որ ժամի 14-ի դրությամբ առաջնագծում հարաբերականորեն կայուն է։

Ադրբեջանական կողմը հերքում է այս լուրը։

Կրակոցները, սակայն, լսել են Կուտականի բնակիչները։ Գյուղում դիրքերին ամենամոտը Մարտին Աթանեսյանի տունն է։ Սեպտեմբերյան հարձակումից հետո Կուտականը արդեն ադրբեջանական դիրքերից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է։ Սեպտեմբերի 13-ի գնդակոծության ժամանակ բազմանդամ ընտանիքի տանբ դռները, պատուհանները վնասվել էին, կենդանիները՝ սպանվել։ Իսկ ուղիղ մեկ ամիս առաջ կրկին ադրբեջանական կողմի արձակած գնդակն նրա 16-ամյա տղայի գլխի վրայով էր անցել:

Գիշերվա, Աթանեսյանի փոխանցմամբ, կրակոցները այս անգամ վնասներ չեն պատճառել. - «Սովորություն ա դառել»։

Նա սրանք պատահական կրակոցներ չի համարում. պատմում է՝ դեպքեր են եղել, որ անասունը սարում արածեցնելիս մոտեցել է դիրքերին, բայց չեն կրակել. - «Ես էն եմ զգում, որ հրաման կա, ինչ-որ մի հատ բան, որ... հատուկ են անում էլի։ Եթե նույն տեմպով էթա, թշնամական, դեմներս կայնած են, սրազու կարան վերացնեն։ Հատուկ օրեր են էսի անում, էլի... կամ Ղարաբաղի հետ կապված, կամ ուրիշ բան»։

Սեպտեմբերյան դեպքերից հետո Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում միայն տղամարդիկ էին մնացել, կանայք ու երեխաները տարհանվել էին։ Հիմա, չնայած վտանգի առկայությանը, ընտանիքները վերամիավորվել են։

Մարտինն ասում է՝ ամոթ է, տուն-տեղը ոնց թողեն գնան. - «Ոնց որ հիմա իմ պապու տունը չկա, մեկը որ հարցնում ա, քարտեզով եմ ցույց տալի...ես ուզում եմ իմ թոռը անձամբ ասի՝ հեսա պապուս տունը։ Պահելու եմ, մեռնելու եմ ստեղ պատերի տակ, բախտս բերավ՝ կռվելու եմ։ Վերջ»։

Մարտինի հարևան Արմեն Եսայանը չորս անչափահաս երեխաներին է հետ բերել գյուղ։ Փոքրից մեծ պաշտպանվելու բոլոր ձևերը գիտեն, բայց միևնույն է պատմում էր Արմենը, ամեն կրակոցից վեր են թռչում։ Շուտ են քնում, որ հատկապես գիշերը չտեսնեն՝ ինչ է կատարվում դիմացի սարում. - «Հիմա գարունը ինչ կըլնի՝ չգիտենք ինչ կըլնի, ոնց կըլնի։ Բայց եթե կրակոցներ շատ էղավ, երեխա ա, չէ՞, վախում ա էդ կրակոցներից... Բայց խուճապ չկա, էրեխեքը դպրոց էլ են գնում, տունն էլ են մնում»։

Նախորդ անգամ հայկական կողմը հրադադարի խախտման մասին հայտնել էր հինգ օր առաջ։ Այդ ժամակ թիրախում էին հայտնվել Գեղարքունիքի Նորաբակը և Սյունիքի Սրաշենը։ Ադրբեջանը դարձյալ հերքել էր այս լուրը, ավելին՝ պնդել, որ հայկական կողմն է կրակել։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը այս օրերին նաև հաղորդում է, որ 44-օրյա պատերազմից հետո իրենց վերահսկողության տակ անցած Քելբաջարում, Լաչինում, ինչպես նաև Դաշքեսանում ինժեներական աշխատանքները շարունակվում են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG