Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Ռուսաստանի դեսպանության առջև և պահանջում են, որպեսզի Ռուսաստանը կատարի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու ապահովի արցախցիների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Ի նշան բողոքի՝ ցուցարարները մեքենաներ էին կայանել դեսպանատան առջև, ոստիկաններն էլ դրանք քարշակներով տեղափոխեցին տուգանային հրապարակ։
Ցուցարարները շեշտում էին, իրենց ակցիան հակառուսական չէ, քաղաքական չէ, պարզապես պայքարում են արցախցիների իրավունքների համար։
Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակ է դեկտեմբերի 12-ի առավոտից։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել, խարույկ վառել, ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Երեկ երեկոյան էլ Ադրբեջանը խափանել է նաև Արցախի գազամատակարարումը: