Մատչելիության հղումներ

Հայաստանի տնտեսական քաղաքականությունը իրականացվում է տարերայնորեն. Սուրեն Պարսյան


Տնտեսագետ Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյան

Բազմաթիվ աշխատատեղեր, մեծ ֆինանսական հոսքեր հանրապետության երկրորդ քաղաքում։ Ավելի քան երեք տարի առաջ իշխանությունները աղքատության բարձր մակարդակ ունեցող Գյումրիի համար հենց այս հեռանկարն էին ազդարարում։

Կառավարությունն անգամ ազատ տնտեսական գոտի ստեղծելու որոշում էր ընդունել։ Անցան տարիներ, նախաձեռնությունը, սակայն, թղթի վրա մնաց։

Կառավարությունից օրերս պարզաբանեցին, թե ընկերությունը, որը պետք է ներդրումներ բերեր, քովիդի համավարակի ու մի շարք այլ հանգամանքների պատճառով դա չի արել, իրենք էլ որոշել են դադարեցնել ծրագիրը։ Այսպիսով ժամանակին շատ քննարկվող ու գովազդվող նախաձեռնությունը, ստորագրված փաստաթղթերը պատկան մարմինների դարակներում մնացին։

Այս տարիների ընթացքում խոստացված, բայց իրականություն չդարձած մեծ ու փոքր այլ տնտեսական ծրագրեր էլի կարելի է հիշել։

Նույն 2018 թվականին վարչապետն ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մեծ շուքով կենցաղային տեխնիկայի գործարան էին բացում։ Հետո էլ հայտարարեցին հայկական արտադրության «Ադամյան» հեռուսատացույցների վաճառքի մասին. - «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են Երևանի և հանրապետության խանութներից գնել հայկական արտադրության «Ադամյան» հեռուստացույցները» (Նիկոլ Փաշինյան)։

Լրագրողներից շատ քիչ ժամանակ պահանջվեց պարզելու համար, որ այս հեռուստացույցների վրա ոչինչ չէր հուշում Հայաստանում արտադրված լինելու մասին։ Արտադրման երկիրը Չինաստանն էր նշվում։ Երեք տարի անց այս հեռուստացույցների հետքն էլ չի մնացել։ Խոշոր վաճառասրահների կայքերում «Ադամյան» մակնիշի ոչինչ հնարավոր չէ գտնել։

Այս տարի էլ դեռ Սև ծով դուրս չի եկել հայկական լաստանավը։ Կառավարությունը գարնանն էր խոստացել դեպի Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստան այլընտրանքային այս ճանապարհը գործարկել, անգամ ժամկետ էին նշում՝ հունիսից կսկսեն. - «Հիմա վերջնական աշխատանքներ են տանում, շուտով կհրապարակվի չվացուցակը։ Կարծում ենք, դա օրերի հարց է» (Վահան Քերոբյան)։

Հայկական բեռներն այդպես էլ ծովում չհայտնեցին, իսկ պատասխանատուները հիմա շատ ավելի պակաս ոգևորությամբ են խոսում այս ծրագրից։

Այս ծրագիրը պետք է թեթևացներ Վրաստանով անցնող ցամաքային անցակետի գրեթե մշտական կուտակումները, բայց լաստանավային բեռնափոխադրման խոստումը տված Էկոնոմիակայի նախարարի հրապարակած վերջին տվյալի համաձայն, հայկական մեքենաներն այս պահին հարևան երկրում շուրջ վեց օր են անցկացնում։ Մինչդեռ բեռնափոխադրողները, տնտեսագետները համոզված են՝ Լարսում վերջին շաբաթներին հայկական հարյուրավոր բեռնատարներ գուցե խցանումների մեջ չլինեին ու արտահանողներն էլ վնասներ չկրեին, եթե դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհն արդեն գործեր։

«Եթե մինչև այս ճգնաժամը բեռնատարը, օրինակ, ութ օրում գնում-գալիս էր Ռուսաստան, հիմա հասել է այդ օրերի թիվը քսանչորսի։ Հետևաբար արտահանողի համար եռակի անգամ մոտավորապես աճել են ծախսերը։ Այսինքն՝ մենք ունենք արտահանման ծախսերի կտրուկ աճ այն դեպքում, երբ որ կառավարությունը պետք է այդ ծախսերի մի մասը փոխհատուցեր լաստանավի շահագործման միջոցով», - ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նրա կարծիքով, այսպիսի մասշտաբային ծրագրերի մասին խոսելիս պատասխանատուները հաճախ առաջնորդվում են պարզապես դիվիդենտներ շահելու տրամաբանությամբ, բարձր խոստումներ են տալիս, հետո դրանք անկատար թողնում. - «Եվ շատ հաճախ քաղաքականության շրջանակներում հայտարարված ծրագրերը ուղղակի պահի ազդեցության տակ է եղել և հիմնականում պոպուլիստական նպատակներով»։

Պարսյանի խոսքով՝ տնտեսական քաղաքականության պատասխանատուները թեև ծանրաբեռնված են աշխատում, բայց համակարգային մոտեցում չկա, այդ իսկ պատճառով էլ բազմաթիվ խնդիրներ լուծել չի հաջողվում։ Օրինակ՝ արտահանողներին օգնելու հարցը, խաղողի բերքահավաքի շրջանում մատակարարման ամենամյա բարդությունները և այլն. - «Հայաստանի տնտեսական քաղաքականությունը իրականացվում է տարերայնորեն։ Չկա համակարգված աշխատանք»։

Ի դեպ, Էկոնոմիկայի նախարարը հիմա էլ մի նոր ծրագրի մասին է խոսում՝ Գյումրիում «չոր նավահանգիստ» կստեղծվի։ Եթե ավելի պարզ՝ տրանսպորտային հաբ, որն իր տեսակով նման է այդպես էլ չբացված ազատ տնտեսական գոտուն։ Վահան Քերոբյանը հայտարարում է՝ եթե ամեն ինչ ճիշտ գնա, 2-3 տարվա ընթացքում Գյումրիում 20-40 հազար աշխատատեղ կբացվի։

XS
SM
MD
LG