Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան խզել է պայմանագիրն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ:
Ֆեդերացիայի որոշմամբ՝ ազգային հավաքականի նոր մարզիչ է նշանակվել 61-ամյա Լուիս դե լա Ֆուենտեն, ով մինչ այդ ղեկավարել է մինչև 21 տարեկանների հավաքականը: Ֆեդերացիան նրան դեկտեմբերի 12-ին պաշտոնապես կներկայացնի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին:
Քաթարում ֆուտբոլի առաջնության մեկ ութերորդում Մարոկկոյի թիմի հետ Իսպանիայի հավաքականի հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 0-0, հետխաղային 11-մետրանոց հարվածներով հաղթել և մեկ քառորդ են անցել մարոկկացի ֆուտբոլիստները:
52-ամյա Էնրիկեն 2019 թվականին էր ստանձնել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Նրա ղեկավարմամբ, իսպանացիները վաստակել են Եվրոպայի բրոնզե մեդալները և դուրս են եկել Ազգերի լիգայի եզրափակիչ:
Մինչ այդ Լուիս Էնրիկեն աշխատել է «Ռոմայում», «Սեկտայում» և «Բարսելոնայում»: Կատալոնական ակումբը նրա ղեկավարմամբ երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ վաստակել է երկրի գավաթը, մեկ անգամ՝ Սուպերգավաթը:
Միջազգային ասպարեզում «Բարսելոնան» նրա ղեկավարությամբ շահել է Եվրոպայի չեմպիոնների գավաթը, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և դարձել է ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն: 2015 թվականին ՖԻՖԱ-ն Էնրիկեին ճանաչել է տարվա լավագույն մարզիչ:
Որպես կիսապաշտպան և հարձակվող Էնրիկեն 1988-2004 թվականներին խաղացել է Խիխոնի «Սպորտինգում», Մադրիդի «Ռեալում», «Բարսելոնայում» և Իսպանիայի հավաքականում:
Նա մի քանի անգամ դարձել է Լա Լիգայի չեմպիոն, վաստակել է Իսպանիայի Թագավորական գավաթը, Սուպերգավաթը, ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթը և Սուպերգավաթը: Ակումբներում խփել է 107, իսկ հավաքականում՝ 12 գոլ: