Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Ալի Խամենեի քույրը դատապարտել է եղբոր ռեժիմի բռնաճնշումները համազգային բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կոչ արել վայր դնել զենքը։
Reuters-ը հաղորդում է, որ այաթոլայի քույրը՝ Բադրի Հոսեյնի Խամենեին բնակվում է Իրանում, իսկ նրա նամակը Թվիթերում հրապարակել է Ֆրանսիայում ապրող նրա որդին։
«Կարծում եմ՝ հիմա տեղին է հայտարարել, որ ես դեմ եմ եղբորս գործողություններին և իմ ցավակցությունն եմ հայտնում բոլոր մայրերին, որ սգում են Իսլամական Հանրապետության հանցագործությունները՝ սկսած Խոմեյնիի ժամանակներից մինչև Ալի Խամենեի բռնապետական խալիֆայության ներկայիս դարաշրջանը։ Ալի Խամենեի հեղափոխական գվարդիան ու նրա վարձկանները պետք է որքան հնարավոր է շուտ վայր դնեն զենքը ու միանան ժողովրդին»,- գրել է Իրանի առաջնորդի քույրը։
Դեկտեմբերի 6-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել՝ դատական համակարգին կոչ անելով ներողամտություն չցուցաբերել խռովարարների, ավազակների ու ահաբեկիչների նկատմամբ, ինչը վկայում է, որ Իրանի իշխանությունները մտադիր չեն թուլացնելու բռնաճնշումները։
Իրանում բողոքի լայնածավալ գործողություններ և անվտանգության ուժերի հետ բախումներ են սկսվել անցած սեպտեմբերից, երբ ոստիկանական բաժանմունքում մահացավ քուրդ Մահսա Ամինին։ Երիտասարդ կինը բերման էր ենթարկվել գլխաշորը ոչ պատշաճ կրելու մեղադրանքով։