Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը, 75 կողմ ձայնով, ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ։
Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցել են 107 պատգամավորներից 75-ը, 75-ն էլ կողմ են քվեարկել, արդյունքներն այսօր խորհրդարանի ամբիոնից Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հրապարակեց։
Ընդդիմադիր ամենամեծ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։
Հայկ Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականից հետո։ Իսկ Բեքմեզյանը մտահոգ էր հեռացել՝ կասկածի տակ դնելով խորհրդի անկախությունն ու անաչառությունը։
Գրիգորյանը երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում «պարտավորվում է պարտականություններն իրականացնել բացառապես միայն օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա»։
Իսկ իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին՝ եթե ընտրվի, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, որ դատական իշխանության գործերին միջամտություն չլինի, Գրիգորյանը պատասխանեց․ - «Այն բոլոր դեպքերում, երբ կհարուցվեն կարգապահական վարույթներ և կներկայացվեն Բարձրագույն դատական խորհուրդ՝ քննարկման, միանշանակ արդար քվեարկության միջոցով, օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքով»։
Ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում նիստին, հետևաբար ո՛չ հարցեր հնչեցրեցին, ո՛չ քվեարկությանը մասնակցեցին։