Մատչելիության հղումներ

Ինչ քայլեր կձեռնարկի ԲԴԽ թեկնածուն իշխանության միջամտությունից  անկախ դատական համակարգ ապահովելու համար


ԲԴԽ անդամի թեկնածու Հայկ Գրիգորյանը Ազգային ժողովում
ԲԴԽ անդամի թեկնածու Հայկ Գրիգորյանը Ազգային ժողովում

Ազգային ժողովն այսօր քննարկում է Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Հայկ Գրիգորյանին բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրելու հարցը։ Վարչապետը Հայկ Գրիգորյանին Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատեց անցած տարի։ Այլ պաշտոնի չէր նշանակվել։

«Շնորհակալություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը իմ թեկնածությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրելու համար», - ասաց նա։

Հայկ Գրիգորյանի թեկնածությունը առաջադրվեց Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականից հետո։ Իսկ Բեքմեզյանը մտահոգ էր հեռացել՝ կասկածի տակ դնելով խորհրդի անկախությունն ու անաչառությունը։

«Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով», - գրել էր ԲԴԽ նախկին անդամը։

Թե ինչ որոշումներ էր կայացրել խորհուրդը, որ Բեքմեզյանը խորը մտահոգվել ու հեռացել էր, օրինակներով չէր նշել։

Դատական համակարգի անաչառությունը երաշխավորող խորհրդում տիրող մթնոլորտը այսօր էլ խորհրդարանում չդարձավ քննարկման առարկա։ Ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում նիստին, իսկ իշխող մեծամասնությունից երեք հարց հնչեց, որից երկուսը տեխնիկական բնույթի։

Պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ եթե ընտրվի, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, որ դատական իշխանության գործերին միջամտություն չլինի։

«Այն բոլոր դեպքերում, երբ որ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կամ լիազոր մարմնի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կհարուցվեն կարգապահական վարույթներ և կներկայացվեն Բարձրագույն դատական խորհուրդ՝ քննարկման, միանշանակ արդար քվեարկության միջոցով, օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքով», - պատասխանեց ԲԴԽ անդամի թեկնածուն։

Նրա պատասխանը համոզեց իշխող մեծամասնությանը, և քննարկումն այսքանով ավարտվեց։ Հայկ Գրիգորյանի ընտրության հարցով քվեարկությունը նախատեսված է այսօր։

Բարձրագույն դատական խորհրդում տիրող մթնոլորտը բուռն քննարկվեց, երբ հրապարակվեց խորհրդի նախկին անդամ Գագիկ Ջհանգիրյանի սկանդալային ձայնագրությունը։ Նա խոսում էր, թե ինչպես է կարողանում ազդել դատական գործընթացների վրա։

XS
SM
MD
LG