Ի վերջո քանի՞ անգամ են ավելացել կենսաթոշակները՝ մե՞կ, երկու՞ թե ավելի շատ։ Քաղաքացիները տարակուսած են վարչապետի հայտարարությունից՝ հաշվում-հաշվում են, Փաշինյանի ասած թիվը չեն ստանում։
«Ազատության» զրուցակից թոշակառուները ընդամենը մեկ բարձրացում են հիշում. - «Մի անգամ ա բարձրացել երեք հազար դրամով։ 47 էր, դառել ա 50 հազար»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստին հայտարարեց՝ մեկ տարվա ընթացքում իրենք ըստ էության կենսաթոշակներն ավելացնում են 4 անգամ։ Այնինչ, 2020-ից հետո հայաստանցիների թոշակը միայն մեկ անգամ է բարձրացել՝ այս սեպտեմբերին 3000 դրամով, ինչը անգամ թանկացումները բեռը չչեզոքացրեց.
«Էդ տրամաբանությամբ, այո, փաստացի ստացվում է, որ այն պնդումը, որ մենք էս տարի ըստ էության երկու անգամ ենք թոշակառուների թոշակները բարձրացնում և էս տրամաբանությամբ ևս երկու անգամ կբարձրացնենք 2023 թվականին», - ասել էր Փաշինյանը։
Նույն պնդումը նա արել էր նաև շաբաթներ առաջ Ազգային ժողովում պետբյուջեի քննարկման ժամանակ։
Ինչպե՞ս է գործադիրի ղեկավարը քաղաքացիների համար իսկական գլուխկոտրուկ դարձած այս թիվը ստացել։ Վարչապետը թոշակների ավելացում է համարում նաև անկանխկիկ՝ քարտով առևտուր կատարելու դիմեց մինչև 10 տոկոս գումարի քեշբեքի ծրագիրը, որից, սակայն, տարեց քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի օգտվում։
Վարչապետը բացատրում է՝ ամռանը քեշբեքի համակարգը ներդրվեց՝ սա մեկ, հետո սեպտեմբերից թոշակներն ավելացան, սա էլ երկու։ Հաջորդ ամռանը կրկին կբարձրացնեն թոշակները, և, հետևաբար, կավելանա նաև քեշբեքի գումարը, սա էլ 4. - «Կստացվի, որ չորս անգամ մենք մի տարվա ընթացքում թոշակ ենք բարձրացնում»։
Գործադիրի ղեկավարը կենսաթոշակների ավելացում է համարում այն ծրագիրը, որից փաստացի մինչ օրս թոշակառուների շուրջ 90 տոկոսը չի էլ օգտվել։ Սոցապ նախարարությունը հոկտեմբերի տվյալներ է փոխանցել. քեշբեքից օգտվելու իրավունք ունեցող շուրջ 400 հազար քաղաքացիներից անկանխիկ գործարքներ են կատարել ընդամենը 50 հազարը և միայն նրանք են մինչև 5000 դրամի չափով հավելավճար ստացել։ Մյուսներն առայժմ միայն 3000 դրամ ավելացումն են նկատել։
Անցած ամիսներին գյուղական համայնքներում «Ազատության» հարցումները ցույց տվեցին՝ շատերն անգամ տեղյակ չեն ծրագրից, եթե գիտեն էլ, անկանխիկ առևտուր միևնույն է չեն անում, ասում են՝ հարմար չէ։ Տարբեր պատճառներ են թվարկում՝ այդ թվում վճարային տերմինալների ու բանկոմատների բացակայությունը։
Մայրաքաղաքից ընդամենը 12 կիլոմետր հեռու Արևաշատ գյուղից Բենիկ Հակոբյանի 35 հազար դրամ թոշակը հարսն է Երևանում կանխիկացնում ու սկեսրայրին ուղարկում։ Ծրագրի ներդրումից ամիսներ անց էլ քեշբեքի մասին 68-ամյա տղամարդը չգիտեր. - «3000-ով ավելացրին, էն էլ ամեն ինչը թանկացրին, ի՞նչ օգուտ։ Թոշակով մարդ չի կարա... մի կերպ ապրում ենք էլի, յոլա ենք էթում»։
Բենիկ Հակոբյանի համագյուղացում՝ 72-ամյա Անահիտ Մալխասյանի համար նույնպես նորություն էր, որ իր թոշակը կառավարությունն արդեն երկու անգամ բարձրացել է։
Բոլոր թոշակառուների համար հաջորդ ավելացումը սպասվում է 2023-ի հուլիսին՝ ըստ սոցցապ նախարարության՝ միջին կենսաթոշակը կբարձրանա 3000 դրամով։
Ի դեպ, բազմաթիվ քաղաքացիներ թոշակների բարձրացման հետևանքով տուժել են։ Շուրջ 3000 կարիքավոր ընտանիքներ վերջին ավելացումից հետո պետական աջակցությունից զրկվեցին։ Ավելացված 3000 դրամի պատճառով փոխվեց նրանց անապահովության գնահատման միավորը ու դուրս մնացին ամսական 18 հազար դրամ անապահովության նպաստի ծրագրից։