Մատչելիության հղումներ

ՄԻԱՎ-ով դիտավորյալ վարակելու պարագան չի ապաքրեականացվում, պարզաբանում է նախարարը


Գյումրի այցելած առողջապահության նախարարն անդրադարձավ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքի փոփոխությունների նախագծին, որը երեկ մեծ քննադատության արժանացավ Ազգային ժողովում։ Անահիտ Ավանեսյանի համար պատգամավորների քննադատությունը անակնկալ է եղել։

«Բավական բուռն ընթացավ, ճիշտն ասած` անակնկալ էր, որովհետև հանձնաժողովի նիստին նախագիծը քննարկվել էր, որոշակի փոփոխությունների առաջարկներ հնչել էին, և մեր կողմից ընդունվել էր, բայց նորմալ, ընթացիկ աշխատանք է, օրինագծերը դրվում են քննարկման, որոշ դեպքերում մերժվում են, որոշ դեպքերում անցնում են, ոչ մի խնդիր, կարծում եմ, չկա: Կդիտարկենք, կնայենք, թե ինչեր հնչեցին, դրա արդյունքում գուցե լրամշակվի նախագիծը և նոր շրջանառության մեջ կդրվի», - ասաց նախարարը:

Նախագծով առաջարկվում էր, որ ՄԻԱՎ-ը հայտնաբերելու թեստը անցկացվի 14 տարեկանից սկսած և առանց ծնողի թույլտվության։ Շեմը 16-ից 14 տարեկան իջեցնելու հարցը բավական երկար ու բուռն քննարկվեց խորհրդարանում։ Օրինագծով առաջարկվում է նաև ապաքրեականացնել մարդուն ՄԻԱՎ-ով ու ՁԻԱՀ-ով վարակելը։ Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, թե ապաքրեականացումը ինչին է վերաբերում. «Շատ կարևոր է` հստակ նախագիծն իմանալ` ինչի մասին է: Ապաքրեականացումը միայն անզգուշությամբ կամ վտանգի մեջ դնելու հոդվածի մասով է, բայց դիտավորյալ վարակով վարակելու պարագան բացարձակ չի ապաքրեականացվում, այլ շարունակելու է գործել այդ քրեական նորմը»:

Փոփոխությունների փաթեթը քվեարկության չդրվեց, հաշվի առնելով քննադատությունները՝ նախագծերը կլրամշակվեն։ Նախարարն անդրադարձավ նաև կորոնավիրուսին։ Նկատելով, որ վարակման դեպքերը կտրուկ նվազել են՝ Ավանեսյանը այնուհանդերձ դեռ վաղ է համարում ասելը, թե վիրուսին հրաժեշտ ենք տվել. «Մենք շատ ուրախ ենք, որ հաջողվեց վարակը կառավարելի շրջանակներում բերել, և մենք այդ պարագայում որևէ խնդիր չունենք բժշկական օգնություն տրամադրելու ճիշտ ժամանակին, բայց ասել, որ կորոնային հրաժեշտ ենք տվել, վաղ է շատ: Կանխատեսումներ անելը բավական բարդ է»:

Ավանեսյանը տեղեկացրեց, որ ռուսական Спутник V պատվաստանյութը ձեռք բերելու աշխատանքները հասել են վերջնական փուլին։ Ռուսական կողմը մի խմբաքանակ նվիրաբերել, է և ոմանք արդեն պատվաստվել են. «Արդյունքները կողմնակի որևէ ազդեցություն չի գրանցվել պատվաստվողների մեջ, ընթացքը բավականին հանգիստ է եղել, իսկ արդյունքների մասին ավելի երկարաժամկետ պիտի հետևենք»:

Նորանշանակ նախարարը մարզային բուժհաստատություններ իր այցելությունները սկսել էր Գյումրիից։ Գյումրիի բժշկական կենտրոնում թթվածնային կայան շահագործվեց, որի կառուցման համար 100 միլիոն դրամ է հատկացվել կառավարության կողմից: Կորոնավիրուսի համաճարակը բացահայտեց, որ մարզերում թթվածնի ապահովումը խնդիր է: Գյումրի ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանն ասում է՝ կայանի շահագործումից հետո այլևս նման խնդիր չի առաջանա. «Ի վիճակի է 240 բալոն արտադրել, իսկ մենք այդ պահի դրությամբ աշխատում ենք, թթվածինը շենքը ստանում է, իսկ մենք նաև ունենք կայան, որը կկարողանա լիցքավորել թթվածին, օգնել նաև մեր մյուս բուժհիմնարկներին, և ընդհանրապես մարզը թթվածնի ոչ մի խնդիր էլ չի ունենա: Նաև պատկերացրեք` եթե 240 մենք ենք արտադրում, 160-170 նորից արտադրող կա, մի բան էլ կկարողանանք հարակից մարզերին օգնել հարկ եղած դեպքում: Այնպես որ, այդ հարցը լիովին լուծված կարող եք համարել»:

Գյումրիի բժշկական կենտրոնը վարկային միջոցներով ձեռք է բերել տոմոգաաիկ նոր սարք՝ կաթվածով հիվանդների ախտորոշման համար: Արմեն Իսահակյանն ասում, որ հիվանդին այլևս մայաքաղաք հասցնելու կարիք չի լինի. «Եվս մի հիվանդների քանակ, որ ստիպված էր լինում այդ ծանր վիճակում` ինսուլտով տեղափոխվում էր Երևան, համ ժամանակի առումով, համ ռիսկային էր դառնում, հիվանդը մենակ չի գնում, հարազատները, ուղեկցողները հետը գնում են, բայց մենք հուսով ենք, որ ինքը համ կարդարացնի պետպատվերի, համ վճարովի, քանի որ նաև վճարովի ծառայությունը գնում էին էլի Երևան»:

Առողջապահության նախարարը մի քանի բուժհաստատություններ ևս այցելելու էր, որպեսզի տեղում հասկանար, թե ինչի կարիք ունեն բուժհաստատությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG