Մատչելիության հղումներ

«Պաշտպան հայրենյաց»-ի շահառուն կարող է ստանալ մինչև 380 հազար դրամ աշխատավարձ, հինգ տարուց՝ ևս 5 մլն դրամ


«Պաշտպան հայրենյաց» ծրագրով 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող, ստանալ մինչև 380 հազար դրամ աշխատավարձ և օգտվել պայմանագրային զինծառայողի բոլոր արտոնություններից։ Աշխատավարձերը կրկնապատկելու հնարավորություն պայմանագրային զինծառայողները կունենան, եթե ատեստավորում անցնեն։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարծում է, որ այս նոր ծրագրերը կմեծացնեն պայմանագրային զինծառայության գրավչությունը։

«Դիցուք՝ 18-ամյա երիտասարդը 6 ամիս ծառայելուց հետո կարող է դառնալ պայմանագրային զինծառայող և այդ օրվանից վաստակել առանց հարկերի շուրջ 316 հազար դրամ աշխատավարձ, եթե ծառայությունը մարտական է, մարտական հերթապահություն կատարելու պարագայում՝ ընդհուպ 380 հազար դրամ աշխատավարձ, և դա 5 տարի շարունակ: Վերջում էլ կստանա 5 միլիոն դրամ պատվովճար, այդ գումարն իր գումարն է, կարող է տնօրինել ցանկացած ուղղությամբ՝ հիպոթեքային վարկավորման, անձնական խնդիրների, ցանկալի է ամուսնանալու, ընտանիք կազմելու», - խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովում այսօր տեղի ունեցած քննարկմանը ասաց նախարարը:

«Պաշտպան հայրենյաց»-ը, ըստ նախարարի, նաև սոցիալական խնդիր կլուծի՝ պարտադիր զինվորական ծառայությունից հետո երիտասարդներն այլևս ստիպված չեն լինի մեկնել արտագնա աշխատանքի. «Որովհետև սա մեր քաղաքացիների համար բանակում ծառայելուց հետո արտագնա աշխատանքին փոխարինող նաև աշխատատեղ է»:

Այս նոր ծրագիրը ներդնելով՝ կառավարությունը դադարեցնում է 2018 թվականից գործող «Ես եմ» ծրագիրը, որն ընդունվել էր նախկին իշխանությունների օրոք։ Պաշտպանության նախարարի փոխանցմամբ՝ այդ ծրագրով ներկայումս ծառայում է ընդամենը 2 զինծառայող։

Պաշտպանության հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրելյանը հարցրեց՝ եթե 3 տարի պայմանագրային ծառայություն նախատեսող «Ես եմ» ծրագիրը չի աշխատում, ապա ի՞նչ երաշխիք, որ 5 տարի ժամկետ սահամանող «Պաշտպան հայրենյաց»-ը հաջողություն է ունենալու: Սուրեն Պապիկյանն ասսաց, թե «Ես եմ» ծրագրով հնարավոր չէ ամբողջությամբ օգտվել պայմանագրային զինծառոյղի արտոնություններից. «Անհրաժեշտության դեպքում ժամը 3-ից հետո վերադառնում է տուն, զբաղվում է իր առօրյայով, առավոտյան գալիս է աշխատանքի և այդպես շարունակ»:

Պաշտպանության հանձնաժողովում այսօր տեղի ունեցած քննարկմանը Սուրեն Պապիկյանը վստահեցրեց, թե ամեն ինչ արվում է, որ ժամկետային զինծառայությունը դառնա հիմք, ռեսուրս՝ հետագայում պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար։ Նախարարը հույս հայտնեց, որ նոր ծրագրով պայմանագրային զինծառայող դարձածների մեծ մասը կշարունակի ծառայությունը Զինված ուժերում։

Խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, որը պայմանագրային զինծառայողների ատեստավորման օրինագծի հետ միասին կքննարկվի Ազգային ժողովի առաջիկա նիստում։

Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ընդգծում է՝ պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհին «Պաշտպան հայրենյաց»-ին, ինչպես նաև Ատեստավորման միջոցով պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը կրկնապատկելու ծրագրին զուգահեռ, արդեն իսկ գործում է ռազմաուսումնական հաստատություններն ավարտածներին 3 սենյականոց բնակարանով ապահովելու ծրագիրը։ Այս ամենով, ըստ Խաչատրյանի, փորձում են լուծել մրցունակ սպայական կազմ ունենալու խնդիրը, քանի որ վերջին տարիներին շատ քիչ թվով երիտասարդներ են դիմում ռազմական հաստատություններ։

«2016 թվականին, որքան ես հիշում եմ, 16 հոգի էր դիմել, որ ընդունվի {Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան}, իսկ դա աբսուրդ է: Զինված ուժերում մենք բազային կրթությամբ սպա չունենք, և հենց հիմա մի հատված կա, որ ընդհանրապես վակուում է՝ մենք սպայակազմ չունենք, իսկ եթե սպայակազմ չունենք բազային կրթությամբ, ինչքան էլ փող ծախսենք, լավագույն զինտեխնիկան ունենանք, մեր բանակը հաստատ «կմնա բանակ», - ասաց պատգամավորը:

Պաշտպանության հանձնաժողովի իշխանական անդամները հույս ունեն, որ այս ծրագրերի միջոցով պայմանագրային պրոֆեսինոալ զինծառայողների թիվը կմեծանա, թե որքան, կոնկրետ թվեր չեն նշում։ Մինչդեռ խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դժվարանում է ասել՝ կաշխատի արդյոք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, քանի որ 5 տարով զինծառության պայմանագիր կնքելու նորակոչիկի որոշման վրա մի շարք գործոններ են ազդելու։

«Առաջինը ընդհանուր Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակն է, որի պայմաններում ցանկացած երիտասարդ 5 տարով պայմանագիր կնքելու դեպքում բավական երկար պետք է մտածի՝ արդյոք ստեղծված իրավիճակում ծրագրի շահառուն դառնա: Երկրորդը ռազմաքաղաքական բավականին լարված իրավիճակն է և առաջնագծում թշնամու շարունակական ոտնձգությունները ագրեսիայի կամ հարձակման ձևով, որը, բնականաբար, ևս մարդկանց զինվորական ծառայությունն ընտրելու այդ որոշման վրա ազդեցություն թողնում է», - նշում է նա:

Արդյոք բարձր աշխատավարձի գործոնը չի շահագրգռի երիտասարդներին. Տիգրան Աբրահամյանն ասում է՝ ոմանց վրա ազդեցություն կունենա, բայց իշխանությունը երբ ներկայացնում է, որ պայմանագրային զինծառայողը կստանա 316-380 հազար դրամ, ապա դա միայն համապատասխան ատեստավորում անցնելուց հետո, այսինքն՝ մարտական հերթապահություն կրող անձնակազմը ստանալու է միջինը 180 հազար դրամ աշխատավարձ, և այս պահին դժվար է ասել, թե քանիսը կդիմի «Պաշտպան հայրենյաց»-ին, և քանիսը զինվորական գիտելիքների ստուգման արդյունքում հնարավորություն կունենա կրկնապատկել աշխատավարձը։

XS
SM
MD
LG