Մատչելիության հղումներ

«Անգրագետ զինվորականի օգտակար գործունեությունը շատ ցածր է, և նրանք նաև շատ են զոհվում». իշխանական պատգամավոր


Եթե պետությունն ուզում է գրագետ ու պատրաստված, ուժեղ բանակ ունենալ, պետք է համակարգային փոփոխություններ անի ու համատարած զինծառայողների աշխատավարձը բարձրացնի, կարծում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Ընդդիմությունը դեմ է կառավարության նախագծին, որով նախատեսում են միայն բարձր վճարել ատեստավորված զինծառայողներին։

«Այն, ինչ որ իրենք առաջարկում են, չի ստեղծելու հավասար պայմաններ զինվորական ծառայության մեջ», - ասաց Օհանյանը:

Իշխանությանն այս մոտեցումը խնդիրներ է ստեղծելու։ Բերելու է ծառայության նկատմամբ անտարբերության, հիասթափության, եթե շարքայինն ու սպան նույնչափ վարձատրվեն, ասում է պաշտպանության նախկին նախարարը։

«Չի կարելի միտումնավոր որևիցե մի օղակ թույլ թողնել, օղակի ղեկավարությունը թույլ թողնել: Դա նշանակում է, որ դու միտումնավոր չես ուզում, որ այդ օղակում մարտական խնդիրը կատարվի այնպես, ինչպես մնացած օղակներում, կարող ես ստեղծել այնպիսի պայմաններ, որ օրինակ՝ կամավոր որակավորում անցած անձնավորությունը ավելի շատ աշխատավարձ ստանա, քան իր պետը, իր ղեկավարը, որը որակավորում չի անցել, այդտեղ խնդիրներ կառաջանան», - ասաց Սեյրան Օհանյանը:

Իշխանությունն այս փոփոխությունն անում է ծառայությունն ավելի գրավիչ դարձնելու համար։ Ատեստավորումը կամավոր է։ Կարող են մասնակցել շարքայինից մինչև գեներալ։ Հավելավճարը նախատեսվում է մարտական ծառայություն և պլանավորում իրականացնող զինծառայողների համար։ Հավելավճարը սահմանելու է կառավարությունը։ Ըստ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ շարքայինը կարող է ստանալ մինչև 320 հազար դրամ, այսինքն մի քանի անգամ ավելի։

«Այսինքն՝ կարող է տատանվել մինչև 325, իջնել մինչև 310 կապված պաշտոնի հետ ու ստաժի հետ: Եթե մարտական հերթապահություն է անցնում դրան զուգահեռ, ավելանում է ևս 80 հազարով», - նշեց Պապիկյանը:

Այս փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում ընդունվեց այս շաբաթ առաջին ընթերցմամբ։ Կողմ քվեարկեցին միայն իշխող խմբակցության պատգամավորները, ընդդիմությունը ձեռնպահ քվեարկեց։

Նախկին զինվորական Օհանյանն ասում է՝ այս նախագծի հետ կապված առաջարկներ ունեն, հաջորդ քննարկմանը կներկայացնեն. - «Մենք կողմնակից ենք զինված ուժերի աշխատավարձի բարձրացմանը՝ ցանկացած իրավիճակում, ցանկացած պայմաններում, բայց դա հավասարաչափ պետք է լինի»:

Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը զարմանում է, որ ընդդիմությունը քննադատում է նախագիծը. - «Ուրիշ ինչպե՞ս գրավիչ դարձնենք»։

«Բա ի՞նչ անենք, որ իրենց որակը բարձր պահենք, միակ մոտիվացիան սա է՝ աշխատավարձն է: Անգրագետ զինվորականը, տարիքով և զինվորական հմտությունների չտիրապետող զինվորականի օգտակար գործունեությունը շատ ցածր է և նրանք նաև շատ են զոհվում», - ընդգծեց Խաչատրյանը:

Ընդդիմությունը գուցե տեղյակ չէ, որ այսօր պայմանագրայինները զուգահեռ այլ գործով են զբաղվում ու պրոֆեսիոնալ չեն, պաշտպանության նախկին նախարարին է դիմում իշխանական պատգամավորը. - «Իսկ ընդդիմությունը տեղյակ չի՞, որ այսօրվա պայմանագրայինները ստանալով 120-130 կամ 150 հազար դրամ, իրենց ազատ ժամանակը տաքսի են վարում, ֆերմերությամբ են զբաղվում, որ այդ պայմանագրային զինծառայողը պրոֆեսիոնալ զինծառայող չի»:

Բանակում ատեստավորումը պետք է լինի բոլորի համար։ Կարծում է պայմանագրային զինծառայող Վոլոդյա Ավետիսյանը, որ վաղը դիրքեր է բարձրանում։ Գնդապետ Ավետիսյանը, որ մասնակցել է ղարաբաղյան առաջին պատերազմին, 44-օրյային, ասում է՝ այսօր բոլոր ծառայողները պետք է գրագետ լինեն։

«Այսօր տեխնոլոգիաների պատերազմ է գնում, յուրաքանչյուր զինծառայող, յուրաքանչյուր սպա իր գործը պետք է կատարի ճիշտ և գրագետ, որովհետև մեր երկրի լինել-չլինելու հարցը բանակից է կախված», - ասաց գնդապետը:

Վոլոդյա Ավետիսյանը կողմ է ատեստավորմամբ ավելի բարձր աշխատավարձին։ Բայց սա չի նշանակում, որ հավելավճարներով պետք է սահմանափակվեն։ Բոլոր պայմանագրայինների աշխատավարձը պետք է ինչ-որ չափով բարձրանա։

«Էդ ատեստավորումը մի օրում չեն անցկացնում, կարող է լինի հինգ ամիս, կարող է լինի վեց ամիս: Այդ ընթացքում, բնական է, մարդկանց աշխատավարձը ինչ-որ չափի պետք է ավելացնեն, ատեստավորումից հետո ևս մեկ անգամ վերանայեն», - ընդգծեց նա:

Գնդապետ Ավետիսյանի 60-ամյակը կլրանա հաջորդ տարի, պայմանագիրը մեկ տարով է։ Դեռ չգիտի, օրենքն ընդունվելուց հետո որակավորման գործընթացին ինքն անձամբ կմասնակցի, թե ոչ։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի առաջիկայում։

XS
SM
MD
LG