Մատչելիության հղումներ

Դաշնության խորհուրդը Կուդրինին ազատեց Հաշվիչ պալատի նախագահի պաշտոնից


Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը, արխիվ, Մոսկվա, 14 հունվարի, 2022թ.
Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը, արխիվ, Մոսկվա, 14 հունվարի, 2022թ.

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդն այսօր քվեարկությամբ ընդունեց Ալեքսեյ Կուդրինին Հաշվիչ պալատի նախագահի պաշտոնից վաղաժամկետ ազատելու որոշում:

Դաշնության խորհուրդը նրան այդ պաշտոնից ազատելու մասին նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումը երեկ է ստացել: Կուդրինը պետական ծառայությունից հետո մտադիր է զբաղվել մասնավոր խոշոր նախագծերով:

Վերջին օրերին ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել են, որ Կուդրինը կարող է բարձր պաշտոն ստանալ ռուսաստանյան տեղեկատվական ոլորտում աշխատող «Յանդեքս» ընկերությունում:

Մասնավորապես, ենթադրվում է, որ Կուդրինը կփոխարինի «Յանդեքսի» հիմնադիր Արկադի Վոլոժին և վերահսկողության տակ կառնի այդ ընկերությունը:

«Յանդեքսի» կառուցվածքային փոփոխությունների համար Կուդրինը կստանա ընկերության արժեթղթերի փաթեթը, որի գինը կազմում է մոտ 300 միլիոն դոլար:

«Յանդեքսի» մասնատումից հետո, հավանաբար, կստեղծվի ռուսաստանյան գրանցմամբ մայր-ընկերություն, որով կփոխարինվի Նիդերլանդներում ժամանակին գրանված ընկերությունը: Ռուսաստանյան ընկերությունը գործունեությունը կվարի երկրում: Այն ղեկավարելու են Կուդրինը և Ռուսաստանում մնացած մյուս մենեջերները:

Իսրայել տեղափոխված Վոլոժը կստանա արտասահմանում «ամպային» ծառայություններ զարգացնելու, մատուցելու, դրա համար կրթական կենտրոններ ստեղծելու, ինչպես նաև «Տոլոկա» անվամբ պատկերների ճանաչման ծառայությունն իրականացնելու արտոնագրեր:

XS
SM
MD
LG