Մատչելիության հղումներ

Ռուսաստանում քննարկում են ՈւԵՖԱ-ից Ասիայի կոնֆեդերացիա տեղափոխվելու հարցը


Ռուսաստանի ֆուտբոլի միության գործադիր կոմիտեի նախագահ Ալեքսանդր Դյուկովը, արխիվ:
Ռուսաստանի ֆուտբոլի միության գործադիր կոմիտեի նախագահ Ալեքսանդր Դյուկովը, արխիվ:

Ռուսաստանի ֆուտբոլի միության գործադիր կոմիտեն քննարկում է ՈւԵՖԱ-ից՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունիցից AFC՝ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիա տեղափոխվելու հնարավորությունը:

«Համոզված չեմ, որ որոշումը կընդունվի, բայց իրավիճակը քննարկում է պահանջում»,- ասել է գործադիր կոմիտեի նախագահ, «Գազպրոմնեֆտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Դյույովը:

Նրա խոսքով՝ դեռ ամիսներ առաջ ինքը վաղաժամ կհամարեր Ասիայի կոնֆեդերացիային միանալու տարբերակը, բայց հիմա անհրաժեշտ է դա քննարկել:

Դյուկովը նշել է, որ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ներկայացուցիչների հետ այդ թեման չի քննարկել:

«Մենք դեռ ՈւԵՖԱ-ի անդամ ենք, նրանք մեզ եվրոպական ընտանիքի անդամ են համարում: Մենք իրականացնում ենք բոլոր ծրագրերը: Մեր կողմից տգեղ կլիներ նրանց գլխի վրայով զրույցներ սկսել Ասիայի կոնֆեդերացիայի հետ».- ասել է Դյուկովը:

ՈւԵՖԱ-ն՝ Ուկրաինայի վրա հարձակման կապակցությամբ, սառեցրել է Ռուսաստանի ֆուտբոլային ակումբների և հավաքականի մասնակցությունը եվրոպական մրցաշարերին։

Վերջին շրջանում Ռուսաստանի մարզական շրջանակներում մեկնաբաններն ակտիվորեն քննարկում են Ասիայի կոնֆեդերացիային միանալու հարցը: Դյուկովը դարձավ առաջին պաշտոնյան, ով հրապարակավ խոսեց դրա մասին:

Եթե ռուսները միանան Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային, ապա հավանաբար, կստանան պաշտոնական հանդիպումներ անցկացնելու հնարավորություն, քանի որ Ասիայի երկրների մեծ մասը չեզոք դիրքորոշում ունի Ուկրաինայում ընթացող պատերազմի հարցում:

Բայց այդ դեպքում ռուսական ակումբները կզրկվեն եվրոպական ակումբային մրցաշարերին մասնակցելու նույնիսկ տեսական հնարավորությունից և ստիպված կլինեն պայքարել Ասիայի ակումբային գավաթների համար:

Ըստ «Ազատության» ռուսական ծառայության հաղորդագրության, Ռուսաստանի ազգային հավաքականի մարզիչը դեմ չէ ֆեդերացիայի փոփոխությանը:

«Հայտնի չէ, թե ինչքան պետք է սպասենք Եվրոպա վերադառնալու համար, ուրեմն եկեք տեղափոխվենք Ասիա»,- ասել է Վալերի Կարպինը:

Մինչդեռ, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախկին նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը կտրականապես դեմ է այդ գաղափարին:

«Ուզում եք գնալ ճահի՞ճ: Այնտեղ հսկայական տարածություններ են և աղքատ ֆեդերացիա».- ասել է Կոլոսկովը:

Ռուսաստանի հավաքականը պատժի ենթարկվելուց և պաշտոնական մրցաշարերից վտարվելուց հետո երեք ընկերական հանդիպում է անցկացրել՝ 2-1 հաղթելով Ղրղըզստանին և 0-0 խաղալով Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ:

Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականն էլ հոկտեմբերի վերջին հայտնել է, որ հրաժարվում է նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ռուսների հետ նախատեսված խաղից:

Խորհրդային Միությունը 1954 թվականին է միացել ՈւԵՖԱ-ին, և Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո պահպանել է անդամի կարգավիճակը:

Ռուսաստանն աշխարհագրորեն գտնվում է և՛ Եվրոպայում, և՛ Ասիայում: Մի շարք երկրներ, որոնց տարածքն ամբողջությամբ կամ մասամբ գտնվում է Եվրոպայում, անդամակցում են ՈւԵՖԱ-ին: Այդ ցանկում են Թուրքիան, Ղազախստանը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Իսրայելը:

Հակառակ օրինակներ, որ երկիրը մասամբ գտնվի Ասիայում և անդամակցի Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային՝ չկա:

XS
SM
MD
LG